Armsport.am-ը գրում է.

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հրավերով աշխարհահռչակ մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն կայցելի Հայաստան: Հունիսի 18-ին նա դասախոսություն կկարդա հայաստանցի մարզիչների համար:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի մամուլի քարտուղարությունը:

«ՀՖՖ-ն շարունակում է Հայաստանում մարզչական կրթության որակի բարձրացմանն ուղղված իր ծրագրերի իրականացումը:

Այդ ծրագրերի շրջանակներում Երևան կժամանի Իսպանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն, որը համաշխարհային ֆուտբոլի պատմության տիտղոսակիր մարզիչներից մեկն է:

Նրա գլխավորությամբ Մադրիդի «Ռեալը» երկուական անգամ հաղթել է Իսպանիաի առաջնությունում և Չեմպիոնների լիգայի մրցաշարում, իսկ Իսպանիայի հավաքականը դարձել է Աշխարհի 2010 թ. և Եվրոպայի 2012 թ. չեմպիոն:

Հունիսի 18-ին Վիսենտե Դել Բոսկեն, նրա բազմամյա օգնական Տոնի Գրանդեն, ինչպես նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆիզպատրաստության գծով մարզիչ Խավիեր Մինյանոն դասախոսություններ կկարդան հայաստանցի մարզիչների համար:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նախատեսում է ապահովել հնարավորինս մեծ թվով մարզիչների ներկայությունը դասախոսություններին»,- ասվում է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել