Վերջին 20 տարվա ընթացքում Լոնդոնի կենդանաբանական հասարակությունը, Վայրի բնության համաշխարհային ֆոնդը և մի շարք այլ կազմակերպություններ հետևում են կենդանիների պոպուլյացիաներում տեղի ունեցող փոփոխություններին։ Ցավոք սրտի, նրանց եզրակացություններն այդքան էլ հուսադրող չեն, յուրաքանչյուր տարի վերանում են հազարավոր կենդանիներ, սակայն այն մեզ համար պետք է դառնա ազդակ վայրի բնությունը պահպանելու համար։

Բոլորս էլ հասկանում ենք, որ մարդկությունը շատ մեծ ազդեցություն է ունենում շրջակա միջավայրի և նրա բնակիչների վրա, այդ պատճառով պետք է հասկանանք, թե ինչպես է պետք օգնել մոլորակին, որպեսզի նա պահպանի իր հարուստ բնական և կենդանական աշխարհը։

Ի՞նչ է տեղի ունենում հիմա

Մարդիկ ավելի շատ են ազդեցություն ունենում Երկրի վրա, քան մեկ այլ ցանկացած տեսակ։ Տեղի ունեցողի հիմնական պատճառը մեր անխնա սպառումն է։ Այն իր հետևից բերում է մնացածը։ Մարդն անընդհատ ընդլայնվող գյուղատնտեսության համար վերացնում է անտառները, կեր է պատրաստում խոզերի և հավերի համար, իսկ վերջիններս էլ դառնում են սնունդ մարդու համար։ Մենք չափից շատ ենք օգտագործում գետերի ջրերը, ծովերը աղտոտում ենք պլաստմասայով և դրանով էլ վերացման ենք դատապարտում շատ կենդանիների։

Սուդանում 2018 թվականի մարտի 19-ին վերացել է հյուսիսային սպիտակ ռնգեղջյուրի վերջին տեսակը։ Թայվանյան ծխավոր հովազին վերջին անգամ տեսել են 1983 թվականին, ներկայումս այն վերացել է։

Վերջին տվյալները ցույց են տալիս, որ մարդը վերացրել է կաթնասունների 83%-ին և բույսերի կեսից ավելիին։ Եվ եթե մենք հիմա կանգնեցնենք վերացումը, ապա կպահանջվի ավելի քան 7 միլիոն տարի, որպեսզի բնական աշխարհը վերականգնվի։

Վայրի բնությունը և էկոհամակարգը կարևոր նշանակություն ունեն մարդու համար, այդ պատճառով նրան վնասելը այնքան վտանգավոր է, որքան կլիմայի փոփոխությունը։

Անհետացման պատճառները

Բացի մարդու ազդեցությունից՝ տեսակների անհետացման մի շարք այլ գործոններ էլ կան, սակայն մարդու ազդեցությունը հիմնական պատճառ է համարվում։

Կենդանիների և միջատների անհետացման հիմնական պատճառը նրանց ապրելու վայրերի ոչնչացումն է։ Անտառները հատվում են, որպեսզի զարգանա գյուղատնտեսությունը։ Սննդի համար սպանությունն իր մասշտաբներով երկրորդ պատճառն է։ Կաթնասունների 300 տեսակ վերանում է, իսկ ծովային կենդանիները մասսայաբար որսվում են։ Մեծ քանակությամբ պատվարների պատճառով լճերի և գետերի ձկների պոպուլյացիան կրճատվում է։

Ի՞նչ է լինելու ապագայում

Առաջին հերթին շատ կարևոր է Երկրի բնակչության տեղեկացվածությունը։ Շատ մարդիկ ուղղակի չգիտեն, թե ինչ է տեղի ունենում երկրագնդի կենդանական աշխարհի հետ։ Օրինակ՝ 2018 թվականին Lacoste-ն Բնության համաշխարհային պահպանության դաշինքի հետ միասին արտադրել է շապիկների հավաքածու, որտեղ գործարանային կոկորդիլոսի փոխարեն կարվել են կենդանական աշխարհի 10 անհետացող տեսակի պատկերներ։

Բնական համակարգերի կործանումը կանխելու համար ամբողջ աշխարհով մեկ գլոբալ փոփոխություններ են հարկավոր։

Տարբեր երկրների կառավարություններ նախատեսում են 2020 թվականին հավաքվել և կենսաբանական բազմազանության կոնվենցիա ստորագրել, որտեղ պետք է ընդունվեն բնության պահպանության նոր պարտավորվածություններ։

Շատ երկրներ արդեն հիմա ոչ միայն պահպանում են կենդանիների քանակը, այլ նաև ավելացնում են այն։ Օրինակ՝ Հնդկաստանում վերջին 100 տարվա ընթացքում առաջին անգամ 20%-ով ավելացել է վագրերի քանակը, իսկ Չինաստանում պանդաները հայտնվել են խիստ հսկողության տակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել