Գիտնականների միջազգային խումբը պարզել է, որ Ջիբրալթարում 30 հազար տարի առաջ թողնված հետքը նեանդերթալյան մարդու հետք է։ Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ Homo-ի այդ տեսակն ավելի ուշ է վերացել, քան մինչ այդ ենթադրվում էր։

Մասնագետները վերլուծել են հետքի մորֆոլոգիան և օպտիկական թվագրության միջոցով պարզել են, թե այն վերջին անգամ երբ է ենթարկվել արևի լույսի ազդեցությանը։ Ոտնահետքի երկարությունը 17 սմ է, ինչից հետևում է, որ այդ մարդու հասակը եղել է 106-126 սանտիմետր։ Հետքի տարիքը գնահատվել է 28-45 հազար տարի։ Հայտնի է, որ այս ժամանակահատվածում ներկայիս մարդու տեսակը դեռևս չէր հայտնվել Ջիբրալթարում։

Գիտնականների կարծիքով՝ հետքի առաջացման միակ բացատրությունն այն է, որ Ջիբրալթարում ապրել է նեանդերթալցու վերջին տեսակներից մեկը։ Ավելի վաղ գիտնականները կարծում էին, որ նրանք վերացել են 40 հազար տարի առաջ։ Միևնույն ժամանակ մեկ այլ գիտական աշխատանքում նշվում է, որ ժամանակակից տիպի մարդիկ արդեն 43-45 հազար տարի առաջ կարող էին ապրել Պիրենեյան թերակղզու հարավային հատվածում, որը գտնվում է Ջիբրալթարի մոտակայքում, այդ պատճառով դեռևս պետք չէ բացառել Homo sapiens-ի կողմից այս հետքը թողնելու վարկածը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել