Azatutyun.am-ը գրում է.

Թուրքիայի վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել ընդդիմադիր Cumhuriyet թերթի թղթակիցների ազատազրկման դատավճիռը: Դատարանը մեղադրանքում և լրագրողների դեմ հարուցված գործում խախտումներ չի գտել` իր հերթին հաստատելով, որ 14 ընդդիմադիր լրագրողների ազատազրկման դատավճիռը կայացվել է օրենքին համապատասխան:

Cumhuriyet-ը Թուրքիայում Էրդողանին քննադատող և դեռևս գործող սակավաթիվ պարբերականներից մեկն է, որի ավելի քան 10 աշխատակիցները, այդ թվում՝ գլխավոր խմբագիրն ու առաջատար լրագրողները, ձերբակալվել են 2016 թվականի հուլիսյան հեղաշրջման փորձին մասնակցելու, քուրդ ահաբեկիչներին սատարելու մեղադրանքներով:

Ամբաստանյալները հերքում են բոլոր մեղադրանքները: Իրավապաշտպանները, ընդդիմադիրները պնդում են, որ նախագահ Ռեջեփ Էրդողանը հեղաշրջման փորձը օգտագործում է ընդդիմախոսներին և երկրում այլակարծությունը ճնշելու համար: Թուրքիայում ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո ձերբակալվել է ավելի քան 77 հազար մարդ, 150 հազար պետական ծառայողներ և զինվորականներ հեռացվել են աշխատանքից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել