168.am-ը գրում է.

Ինչպես քիչ առաջ տեղեկացանք՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից, Սեդրակ Քոչարյանը դատի է տալիս Ազգային անվտանգության ծառայությանը (ԱԱԾ)՝ իր անմեղության կանխավարկածը կոպտագույն կերպով խախտելու պատճառով։ Մոտ օրերս Սեդրակ Քոչարյանի փաստաբանները համապատասխան հայցով կդիմեն դատարան և այդ կապակցությամբ հանդես կգան հայտարարությամբ։

Հիշեցնենք, երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդուն՝ Սեդրակ Քոչարյանին, մեղադրանք է առաջադրվել հարկերից խուսափելու և փողերի լվացման հոդվածներով։ Գործը գտնվում է Ազգային անվտանգության ծառայության վարույթում։ Սեդրակ Քոչարյանը երեկ հարցազրույց էր տվել երկրորդ նախագահի ոչ պաշտոնական կայքին՝ 2rd.am-ին, և հայտարարել.

«ԱԱԾ-ն ինձ մեղադրանք է առաջադրել շինծու մի գործով՝ ինչ-որ փողերի լվացում»։ «Նիկոլի միակ գործիքը մնացել է էժանագին տեսարանների ապահովումը»,- ասել է Ս. Քոչարյանը։

Իսկ այսօր ԱԱԾ քննչական դեպարտամենտը հանդես էր եկել հայտարարությամբ,  որում ներկայացնում էին քննվող քրեական գործի շրջանակներում իրենց պարզաբանումները՝ նշելով, որ Ս. Քոչարյանի և այլ անձանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը։

Նույն հաղորդագրության մեջ նաև ասվում էր. «Սեդրակ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների բազմաթիվ անշարժ գույքերի և այլ ակտիվների ձեռք բերման օրինականությունը պարզելու ուղղությամբ ձեռնարկվում են լայնածավալ քննչական գործողություններ, քրեական գործով նախաքննությունը շարունակվում է»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել