Փետրվարի 19-ը հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, և այդ օրը Հայաստանում նշվում է որպես գիրք նվիրելու օր: Մեզանից շատերը գրքին ծանոթացել ու մտերմացել են հենց թումանյանական հեքիաթների, մանկական բանաստեղծությունների ու քառյակների շնորհիվ։ Գիրք նվիրելով ինքներս մեզ և մեր շրջապատին՝ մենք նվիրում ենք հոգևոր հաղորդակցման հաճելի ու անմոռաց պահեր: Կարծում ենք՝ ընթերցասերներից շատերն արդեն կողմնորոշվել են, թե ինչ գիրք են նվիրելու հարազատներին ու ընկերներին, ոմանք էլ արդեն ստացել են իրենց օրվա նվերը։ BlogNews.am-ն, օգտագործելով առիթը, զրուցել է երգչուհի Լիդուշիկի հետ գրքի ու ընթերցանության մասին:

- Լիդուշ, ո՞րն է եղել քո առաջին գիրքը, որից սկսել ես ընթերցանությունը։

- Ինչպես շատերն, այնպես էլ ես գրքերի անծայրածիր աշխարհ տանող ճանապարհը սկսել եմ քայլել Թումանյանի հետ։ Թումանյանական պարզ ու միևյնույն ժամանակ խորիմաստ հեքիաթներից եմ սկսել ու մինչև այսօր էլ շարունակում եմ սիրահարված մնալ այդ մեծ լոռեցուն, նրա գրչին։

- Որքա՞ն ժամանակ ես հատկացնում ընթերցանությանը։

- Դասերի ու հագեցած աշխատանքային առօրյայի հետ մեկտեղ քիչ ժամանակ է մնում ընթերցանության համար։ Հիմա ավելի շատ կարդում եմ մասնագիտական գրականություն՝ երաժշտության ու երաժշտական գործիքների մասին, նաև ուսումնասիրում եմ հայ կոմպոզիտորների կյանքն ու գործունեությունը։ Միշտ պետք է կարդալ, ինքնակրթվել։ Վերջերս սկսել եմ կարդալ երիտասարդ գրողների գործեր։ Կան հատուկ հավելվածներ, որտեղ իմ տարեկիցներն իրենց պատմություններն են գրում՝ հետաքրքիր մատուցմամբ։ Աշխատում եմ նաև գեղարվեստական գրականությունն աչքաթող չանել։

44477563_1984840068271065_7423119949815920505_n

- Ինչպիսի՞ գրքեր ես նախընտրում ավելի շատ՝  էլեկտրոնայի՞ն, թե՞ սիրում ես, երբ ձեռքերիդ մեջ զգում ես գիրքն ու նրա յուրահատուկ բույրը։

- Սիրում եմ կարդալ հենց գրքով, ոչ թե էլեկտրոնային տարբերակով։ Նույնիսկ մի ժամանակ, երբ կիթառ նվագել էի սովորում, ուսուցչուհիս հանձնարարել էր կարդալ օնլայն գրականություն, բայց քանի որ չէի կարող, ստիպված եղա թողնել պարապմունքները։ Ես սիրում եմ թուղթ, գրիչ հասկացությունները, սիրում եմ նշումներ անել հենց գրքի վրա։

- Նախապատվությունն ավելի շատ հայկակա՞ն գրականությանն ես տալիս, թե՞ արտասահմանյան։

- Մի քիչ տարօրինակ կարող է հնչել, բայց ես գիրքն ընթերցում եմ հետևյալ կերպ. սկզբի մի քանի էջն եմ թերթում, հետո՝ վերջին մի քանիսն ու հետո հասկանում՝ արդյոք ինձ հետաքրքի՞ր է պատմությունը, որը մնացել է գրքի միջնամասում։ Մեծ հաշվով, տարբերություն չկա ինձ համար, կարևորը՝ պատմությունը հետաքրքիր ու տպավորիչ լինի։ Իհարկե, հայկական գեղարվեստական գրականությունը միշտ առանձնացնում ենք, քանի որ այն մերն է։

- Ի՞նչ ժանրի ստեղծագործություններ ես նախընտրում։

- Հիմնականում դետեկտիվ ժանր են սիրում ու կատակերգություններ։ Վերջին ժամաանակներս սենյակումս միշտ  կա Շեռլոկ Հոլմսի գիրքը։ Ամեն անգամ թերթելով, նույնիսկ մեկ էջ, նոր բաներ են հայտնաբերում ինձ համար, որը նախորդ անգամ գուցե վրիպել էր աչքիցս։ Շատ եմ հավանել նաև «Դորիան Գրեյի դիմանակարը», ընդ որում՝ կարդացել եմ և՛ հայերեն տարբերակը, և՛ անգլերենը։ Ամենակարևոր գիրքը, որը միշտ ինձ հետ է, Դեյլ Քարնեգիի խորհուրդներն են կյանքի վերաբերյալ։ Ուզում եմ շարքը եզրափակել Աստվածաշնչով։ Հատկապես կոնսերվատորիայում պարտադիր է կարդալ, որպեսզի կարողանանք խորքային ըմբռնել հոգևոր երաժշտության արմատները։

47586375_2074131789296876_1300595165635915797_n

- Լիդուշ, մինչև հիմա կարդացածդ գրքերից կարո՞ղ ես առանձնացնել մեկը, որն ամենաշատն է քեզ տպավորել։

- Կառանձնացնեմ Աստվածաշունչը, որովհետև այն իմ սեղանի գիրքն է դարձել։

- Կնշե՞ս այն հեղինակին կամ ստեղծագործությունը, որն այս պահին ընթերցում ես:

- Այս պահին կարդում եմ Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» գիրքը։ Գուցե զարմանալի թվա՝ ինչու է իմ տարիքի աղջիկը որոշել կարդալ ամուսնական կյանքի ու բարդ հարաբերությունների մասին պատմություն, որն ի վերջո բերում է ամուսնալուծության, բայց հետաքրքրեց, ու որոշեցի կարդալ՝ ինչից կարող են առաջանալ ընտանեկան վեճերը։

- Ասում են՝ գիրք կարդալու մշակույթը վերացել է երիտասարդների շրջանում։ Ի՞նչ ես կարծում, սա արդարացված տեսակե՞տ է, թե՞ ոչ։

- Ես համամիտ չեմ, հավատացեք, բոլորս էլ կարդում ենք, մի մասը՝ էլեկտրոնային գրքեր, մյուսները՝ տպագիր տարբերակով։ Իմ շրջապատում բոլորը սիրում են կարդալ։ Երիտասարդներն առհասարակ հետաքրքրասեր են ու ինֆորմացված, դա էլ է կարդալ, ու ասվածի վառ ապացույցն այն է, որ մարդիկ գրքեր են գնում։

45739260_2167228830204256_3779843031781865386_n

- Ի՞նչ գիրք կուզենայիր այսօր նվեր ստանալ։

- Մարգարիտ Բրուտյանն է հեղինակը, բայց գրքի անունը չեմ հիշում։ Նա երաժշտագետ է ու իր տեսանկյունից է ներկայացնում է երաժշտությունը։ Հայ երաժշտության կատարողական արվեստի պատմության, փաստերի ու խնդիրների մասին է։

- Իսկ դու սիրո՞ւմ ես նվիրել ու ի՞նչ սկզբունքով ես կատարում նվերի ընտրությունը։

- Այո, շատ եմ սիրում նվերներ գնել իմ ընկերների ու հարազատների համար։ Քրոջս համար այսօր Թումանյան եմ պատրաստել՝ 150-ամյակին հրատարակված նոր գիրքը։ Նա շատ էր ուզում ունենալ դա, ու եթե անկեղծ, ինքն ավելի շատ ժամանակ է տրամադրում ընթերցանությանը, քան ես։

Նյութը՝ Էմմա Վարդանյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել