Բոլորին հայտնի է, որ ոչինչ հավերժական չէ. ամենն ունի իր սկիզբն ու վերջը։ Ձեզ ենք ներկայացնում այնպիսի հետաքրքրաշարժ իրադարձություններ, որոնք պատմության մեջ են անցել որպես ամենավերջինն իրենց տեսակում։

Աշխարհում վերջին ձեռագիր թերթը

Չենային քաղաք է Հնդկաստանում, որտեղ ամեն օր բնակիչներն առօրյա լուրերը գրում են մայրենի լեզվով։ Չորս էջից բաղկացած թերթը կոչվում է Musulman և ձեռագիր է։ Դրա էջերին կարելի է գտնել ինչպես տեղական, այնպես էլ ազգային, սպորտային լուրեր։ Թերթը գրված է ուրդու լեզվով և համարվում է հնագույնը։ Ամեն օր այն կարդում է մոտ 22 000 քաղաքացի։ Musulman-ը վերջին թերթն է, որն առ այսօր գրվում է ձեռագիր։

Վերջին մարդը, որը մահացել է բնական ծաղիկ հիվանդությունից

Նման վտանգավոր հիվանդությանը հնարավոր եղավ հաղթել միայն 1979 թ. ստեղծված պատվաստման միջոցով։ Երկար հարյուրամյակներ շարունակ մարդիկ տառապում ու անգամ մահանում էին դրանից։ Բնական ծաղիկից մահացությունների թիվը մեծահասակների շրջանում կազմում էր 50%, իսկ երեխաների շրջանում՝ 60%։ Այն մարդիկ, որոնք կարողանում էին հիվանդությունից հետո ողջ մնալ, պատված էին լինում սարսափելի սպիներով ու զրկվում էին տեսողությունից։ Բանգլադեշից մի աղջիկ՝ Ռահիմա Բանու անունով, սարսափելի վիրուսի վերջին զոհը դարձավ։ Նա հիվանդացել էր 1975 թ., երբ ընդամենը 2 տարեկան էր։ Շնորհիվ պատվաստման, որը երեխան ստացել էր Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից, հաջողվեց փրկել նրա կյանքը։ Իսկ վերջին մարդը, որը մահացել է բնական ծաղիկից, բժշկական լուսանկարիչ Ջանեթ Փարքերն էր։ 1978 թ. նա վարակվեց արհեստական վիրուսով, որը ստեղծել էին լաբորատորիայում։

Վերջին մահապատիժը գիլիոտինով

Համիդա Ջանդուբին 1977 թ. սեպտեմբերի 10-ին դարձավ վերջինը, որը զրկվեց գլխից։ Մահապատիժը տեղի ունեցավ Ֆրանսիայում՝ «Բոմետ» բանտում։ Նրան մեղավոր էին ճանաչել 21-ամյա Էլիզաբեթ Բուսկեին խոշտանգելու և սպանելու համար։ Այս դեպքից հետո Ֆրանսիայում այլևս մահապատիժ չկիրառվեց, քանի որ այն արգելվեց Ֆրանսուա Միտերանի կողմից, ով իշխանության եկավ 1981 թ.։

Հիտլերի վերջին թիկնապահը

Ռոհուս Միշն Ադոլֆ Հիտլերի վերջին թիկնապահն էր։ Նա կյանքից հեռացավ 2013 թ. սեպտեմբերին՝ 96 տարեկան հասակում։ 1945 թ. ապրիլի 30-ին նա ներկա էր Հիտլերի բունկերում, որտեղ վերջինս կնոջ հետ միասին ինքնասպանություն գործեց։ Միշը Հիտլերի թիկնապահն էր արդեն 5 տարի՝ 1940-45 թթ.։ Բացի թիկնապահությունից՝ նա շատ այլ պարտականություններ ևս ուներ։ Խորհրդային իշխանությունները Միշին առևանգեցին, և նա 9 տարի անցկացրեց ճամբարներում ու բանտերում։ Հայրենիք է վերադարձել միայն 1954-ին։ 2008 թ. հրապարակվեցին մեմուարներ, որոնք գրել էր Ռոհուս Միշը՝ «Վերջին վկան. ես Հիտլերի հեռախոսավարը, սուրհանդակն ու թիկնապահն էի»։

Աշխարհում վերջին մայր իշխանությունը

Մայր-իշխանություն գործում է Չինաստանում՝ մոսուո կոչվող ցեղում։ Այս սկզբունքով է գործում ցեղն արդեն 2000 տարի։ Վերջին մոսուոներն այսօր ապրում են Յունան շրջանում՝ Լուգու լճի ափին։ Ցեղում կա մոտավորապես 40 000 մարդ, և այստեղ իշխում են միայն կանայք։ Կառավարչի կոչումն անցնում է մորից դստերը, իսկ որդիները մնում են տանն ապրող սովորական անդամներ։ Որդիները մնում են մայրերի տանն անգամ այն ժամանակ, երբ հայր են դառնում։

Աշխարհում վերջին հեռագիրը

Հնդկաստանում փակվեց հեռագրային գործակալությունը, որը համարվում էր ամենախոշորն աշխարհում։ Այն գործել է 160 տարի։ Հնդկաստանի պետական հեռահաղորդակցման մատակարարը որոշում ընդունեց ծառայության աշխատանքի դադարեցման մասին, քանի որ այն ի վիճակի չէր մրցակցելու ինտերնետի և բջջային կապի հետ։ 2013 թ. հուլիսի 14-ին Հնդկաստանում ուղարկվեց աշխարհում վերջին հեռագիրը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել