Armenpress.am-ը գրում է.

Հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանին նվիրված երևանյան միջոցառումների մեկնարկը տրվեց փետրվարի 19-ի վաղ առավոտյան գրողի թանգարանի մատույցներում, որտեղ թանգարան մտնել ցանկացող տարբեր տարիքային խմբի աշակերտների հերթեր էին գոյացել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` բազմաբնույթ ծրագրի սկիզբն ազդարարվեց  շեփորահարների, թմբկահարների կատարումներով, իսկ թանգարանի ներսում այցելուներին սպասում էին թատերական բեմականացումներ, կրկեսային համարներ...

Տասնամյա Ալբերտ Ոսկանյանը, որը մոր հետ էր եկել շնորհավորելու գրողին, ասաց, որ շատ է սիրում Թումանյանի հեքիաթները: «Կարդացել եմ «Շունն ու կատուն», «Անբան Հուռին» և այլ հեքիաթներ: Թումանյանը մեզ սովորեցնում է բարություն, ընկերասիրություն: Նրա ստեղծագործությունները իմաստալից են»,-նշեց Ալբերտը և հավելեց, որ մեծ հետաքրքրությամբ է պտտվելու թանգարանում:

Թանգարանի մատույցներում ֆլեշմոբ էին իրականացնում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաները` ընթերցելով Թումանյանի գործերը և կատարելով Կոմիտասի երգերը:

«Պատահական չէ, որ Հովհաննես Թումանյանն ամենայն հայոց բանաստեղծ,  ամենայն հայոց թամադա է համարվում, որբերի հայրը: Նրա ստեղծագործությունները մեզ ուղեկցում են մեր ծննդյան օրից մինչև մահ: Ապրում, շնչում ենք Թումանյանով»,- նշեց կրթահամալիրի ուսուցչուհի Մարինե Ամիրջանյանը:

«Թումանյանն ու Կոմիտասը մեր գրականությունն  ու երաժշտությունը դարձնում են դպրոց: Գրել՝ Թումանյան գումարած Կոմիտաս կամ Կոմիտաս գումարած Թումանյան, կստեղծվի հանրակրթական  ծրագիր: Այդ ծրագիրը թարմացման կարիք ունի, և մենք ուզում ենք օգտագործել հոբելյանական տարին ու հայտարարել այդ մեծ ուսումնական ծրագրի թարմացման մեկնարկի մասին»,-շեշտեց Բլեյանը՝ հավելելով, որ կրթահամալիրի սաները ամբողջ տարվա ընթացքում Թումանյան ու Կոմիտաս են ներկայացնելու փողոցներում, հրապարակներում, գյուղերում, քաղաքներում:

«Մենք խորապես ու լիովին չենք կարողացել ընթերցել Թումանյանին և խորապես ու լիովին չենք կարողացել հասկանալ նրան: Եթե ամբողջապես ընկալեինք Թումանյանին, այսօր բազմաթիվ խնդիրներից զերծ կլինեինք»,-ընդգծեց ՀՀ վաստակավոր արտիստ Սամվել Փիլոյանը:

Հովհաննես Թումանյանի հոբելյանական տարում Թումանյանի երևանյան թանգարանում ամեն ամիս կիրականացվեն հանդիսություններ, օլիմպիադաներ, գիտական իրադարձություններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել