168.am-ը գրում է.

Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում փետրվարի 17-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում համայնքապետ է վերընտրվել անկուսակցական Ռաֆիկ Անդրեասյանը։ Վերջինիս հետ պայքարի մեջ էին մտել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Ուրցաձորի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանը, Անդրանիկ Կարապետյանը, Սամվել Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ Ռ. Անդրեասյանը համայնքի բնակիչների բողոքի ակցիաների արդյունքում հոկտեմբերին հրաժարական էր տվել, սակայն հայտարարել, որ իր թեկնածությունն առաջադրելու է՝ վստահ լինելով, որ կրկին վերընտրվելու է։

Ի դեպ, Ռաֆիկ Անդրեասյանը հրաժարական տալուց առաջ հայտարարել էր, որ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն իրեն կանչել է և պահանջել, որպեսզի հրաժարական ներկայացնի։ Չնայած, մարզպետն Անդրեասյանի և բնակիչների ներկայությամբ հերքել էր, թե նման բան է ասել, սակայն Ռաֆիկ Անդրեասյանը ևս մեկ անգամ վերահաստատել էր, որ մարզպետը նման պահանջով իրեն դիմել էր, ինչը հակաօրինական է։

168.am-ի հետ զրույցում Ուրցաձորի նորընտիր ղեկավարն այսօր նշեց, որ համայնքում կրքերը հանդարտվել են, այլևս բողոքողներ չկան, ավելին՝ շնորհավորանք է ստացել նաև իր հրաժարականը պահանջող Արարատի մարզպետից։

«Սպասում եմ, որ Կենտրոնական հանձնաժողովի որոշումը լինի, որպեսզի սկսեմ աշխատել։ Շարունակելու եմ այն ռազմավարությունը, որը հաստատվել էր համայնքը խոշորացնելուց հետո։ Առաջինը փորձելու եմ ոռոգման համակարգը կարգի բերել, որի նախահաշիվը կազմված է, սա գյուղի առաջին խնդիրներից մեկն է։

Համայնքը 30 տոկոսով գազիֆիկացված չէ, այդ հարցը ևս պետք է լուծեմ»,- ասաց համայնքապետը։

Ինչ վերաբերում է ՔՊ-ական Գևորգ Ավետիսյանի հետ իր հարաբերություններին, մեր զրուցակիցն ասաց, որ ամեն ինչ կարգին է, կարևորը ժողովուրդն է, որն իրեն է ընտրել։

«Հրաժարական տալուց առաջ վստահ էի, որ կվերընտրվեմ, քանի որ, երբ ես առաջին անգամ ընտրվեցի համայնքի ղեկավար, Ուրցաձորի վարկանիշը միանգամից բարձրացավ, դրանից հետո բազմաթիվ կազմակերպություններ դարձան համայնքի գործընկերը։ Վստահաբար ասում եմ, որ իմ կառավարման 15 տարիների ընթացքում այնքան աշխատանք է կատարվել, որ ՀՀ շատ համայնքների մեջ Ուրցաձորն այդ առումով կարելի է համարել եզակիներից մեկը։

Ուրցաձորցին այդ աշխատանքները տեսել է ու չի մերժել, 15 տարվա ընթացքում բնակիչների կողմից չի եղել մի դիմում, որը մերժում ստանա»,- նշեց Ռաֆիկ Անդրեասյանը։

Անդրադառնալով իր դեմ բողոքի ակցիաներին, Ռաֆիկ Անդրեասյանը նշեց, որ դրանք «պարզապես աթոռի կռիվներ էին», քանի որ համայնքի ժամանակավոր պաշտոնակատարը՝ իր թիմով հանդերձ, պաշտոնավարման ընթացքում որևէ խնդիր չի լուծել կամ հանդես չի եկել որևէ առաջարկությամբ։

Նա նաև ընդգծեց, որ, եթե ներկայիս իշխանությունը ցանկանա համայնքին որևէ բանով աջակցել, ապա ուրախ կլինեն, եթե ոչ՝ ամեն ինչի կհասնեն սեփական ուժերով ու աշխատանքով։

Նշենք, որ Ուրցաձորը խոշորացված համայնք է, 2016 թվականին այնտեղ միավորվել են Լանջանիստ և Շաղափ համայնքները։

Զվարթ Խաչատրյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել