«ՀՀ ֆինանսների նախարարի թեկնածուի շուրջ իշխանական ուժի որոնումները դարձյալ կանգ են առել նախկին կառավարության պաշտոնյաներից մեկի վրա:

Ֆինանսների նախարարի պաշտոնում դիտարկվում է  ՀՀ Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի տեղակալ Վախթանգ Միրումյանի թեկնածությունը: Այս մասին տեղեկացնում է կառավարությանը մոտ կանգնած 168.am-ի աղբյուրը:

Վախթանգ Միրումյանի թեկնածությունն առաջ է քաշվել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկի կողմից, իսկ թեկնածուի հետ  հանդիպման նախաձեռնությունն իր վրա է վերցրել կառավարության ներկայացուցչական դեմքերից մեկը: Բացառված չէ, որ Վախթանգ Միրումյանին հանդիպման հրավերն արվել է  հենց Տիգրան Ավինյանի գրասենյակից:

Ի դեպ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը միակն է գործող իշխանության մեջ,  ով անձնական հին կապեր ունի նախկին կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ, և չճշտված տեղեկությունների համաձայն՝ ժամանակ առ ժամանակ դիմում է, անկաշկանդ շփումներ է ունենում նախկին իշխանության որոշ անդամների հետ, խորհրդակցում է աշխատանքային հարցերի շուրջ:

Միրումյանի հետ հանդիպման մանրամասներին մեր աղբյուրը չէր տիրապետում: Հանդիպման արդյունքների մասին  փորձեցինք տեղեկանալ անձամբ իրենից՝ Վ. Միրումյանից, սակայն նրա հեռախոսն անջատված էր, իսկ «Գազպրոմ Արմենիայի» գրասենյակում նրան գտնել չհաջողվեց:

Հիշեցնենք, օրեր առաջ «168 ժամ»-ը գրել էր ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի փոխարինող գտնելու իշխանության տրամադրվածության և պատճառների մասին:  Փաստորեն հայտնաբերված միակ թեկնածուն, որի անվան շուրջ քննարկում է ծավալվում Փաշինյանի ղեկավարած կառավարության ներսում, նորից  հին «դարբնոցից է»:

Հիշեցնենք, որ «թավշյա» հեղափոխությունից հետո ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ, Ֆինանսների նախկին փոխնախարար Վախթանգ Միրումյանը տեղափոխվել էր ամենախոշոր հարկատուներից մեկի մոտ՝ նշանակվելով «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնում՝ կոմերցիայի և արտաքին կապերի գծով»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել