Նկատե՞լ եք, որ վերջին շրջանում ՀԱԿ-ականները գրեթե սպառնալից տոնով պահանջում են վերանայել 90-ականների նկատմամբ վերաբերմունքը և դադարել դրանք անվանել «ցրտի ու մթի տարիներ»։ Ընդ որում՝ փաստարկը հետևյալն է. դա միտումնավոր, ավելի քան 20 տարի արված հակաքարոզչության արդյունքն է, և պետք է այն վերանայել ու անվանել «պատերազմը հաղթելու», «պետությունը կառուցելու» դժվար, բայց երջանիկ տարիներ։

Առանձին գործիչների ու օգտատերերի միջոցով հնչած այս պահանջն իրականում պատահական չէ։ Իհարկե, այն գալիս է ուղիղ Լևոն Տեր-Պետրոսյանից։ Էլ ով, եթե հենց նա գիտի պատմության գինը։ Ընդ որում՝ Լևոն Տեր-Պետրոսյանը դա անում է ոչ թե պահի ազդեցությամբ, այլ խիստ պլանավորված, հետևողականորեն և ցանկացած պատեհ առիթ օգտագործում է այն իրականացնելու համար։ Տեր-Պետրոսյանն ունի 2 գերխնդիր՝ անձնական և իր նախագահության տարիների ռեաբիլիտացիա։ Անձնական ռեաբիլիտացիան նա փայլուն կատարեց 2008-ին՝ ապացուցելով, որ այն ժողովուրդը, որ 96, 98-ին իրեն ատում էր, հայհոյում և մերժում, ընդամենը 10 տարի անց ընկնելու էր իր ոտքը՝ մեռնելու նրա համար։ Լևոնը դա արեց իր թոռներին ցույց տալու համար, որ ահա, տեսեք, թե ով է ձեր պապը։ Ոչ թե ով է եղել, այլ ով կա։ Եվ դա անում էր առանձնակի ցինիկությամբ՝ սափրվելով Ազատության հրապարակում՝ այն դարձնելով իր անձնական օգտագործման սրահը։

Հիմա՝ ևս 10 տարի անց, Լևոնն անցել է իր նախագահության տարիների վերախմբագրմանը։ Ընդ որում՝ շատ լավ իմանալով իր ժողովրդին՝ նա դա անում է պարզունակ ուղերձների միջոցով՝ շրջանառության մեջ դնելով «ցուրտն ու մութը» «հաղթանակի ու կայացման » բառակապակցություններով ռակիրովկա անելու պահանջը, որովհետև Տեր-Պետրոսյանը գիտի, որ ձևակերպումը փոխելով ի վերջո ինքը կազատվի իր ամենամեծ բեռից ու ամենամեծ մեղադրանքից։ Իսկ դա ամենևին էլ ո՛չ ցուրտն էր, ոչ էլ մութը։ Լևոն Տեր-Պետրոսյանը ժառանգեց մի պետություն, որտեղ քաղաքացիները հավատում էին հավաքական կամքին, պետությանը, այն ապագային, որի համար պայքարել են։ Տեր-Պետրոսյանը 7 տարվա ընթացքում արեց ընդամենը մեկ բան. նա ոչնչացրեց քաղաքացուն, այն մարդուն, որ հասկացավ, որ չի կարող պետությունից որևէ օգնություն ակնկալել, որ պետությունը կարող է խաբել, մսխել ավանդները, տնտեսությունը և լկտիաբար հրաժարվել իր պարտականություններից։ Տեր-Պետրոսյանը քաղաքացուն բարոյազրկեց այն աստիճան, որ երևանցին իր ձեռքով իր պապու տնկած ծառը կտրեց, գնացքի ռելսերը գողացավ, որ տաքանա։ Նա բոլորիս ստիպեց հաց հայթայթել մեր արժանապատվության հաշվին, երբ հացը գնում էր նա, ով հերթի մեջ ամենաշատն էր դուրս բրդում մյուսներին։ Նա երկիրը դարձրեց վայրի անապատ, որտեղ քո եղբայրը կարող էր տանից դուրս գալ ու չվերադառնալ։ Հետո՝ կպարզվի, որ ավտոբուսով մեկնել է եռամսյա հավաքի, այնտեղ էլ կորել է, հետո՝ անհետ կորել։

Տեր-Պետրոսյանը փոշիացրեց ցանկացած քաղաքացու պահանջելու իրավունքը՝ արժանապատիվ թոշակի, աշխատավարձի, սոցիալական ապահովության։ Նա պետությունը՝ որպես գաղափար, հեռացրեց բոլորից ու առաջին հերթին՝ հայերից։ Նա ստիպեց, որ մենք որևէ ակնկալիք չունենանք պետությունից, մեր երկրից, հետևաբար եթե ակնկալիք չունենք, ուրեմն՝ չունենք նաև պարտավորություն։ Եվ եթե չունենք պարտավորություն, ապա չունենք նաև սրտացավություն։ Ու հենց այդ պատճառով, երբ ոչինչ ոչ մեկի բանին չէր, մարդիկ շենքի վրա շենք կառուցեցին, պարտքերը չտվեցին, իրար սկսեցին քցել։ Տեր-Պետրոսյանն, ի տարբերություն շատերի, այս ամենը հիշում է ու հասկանում։ Հիմա փորձում է ոչ թե դա մոռացության տալ, ոչ, նա փորձում է մեր հիշածը խմբագրել, պնդել, որ մենք սխալ ենք ամեն ինչ հասկացել։ Հարցն այն չէ, թե որքանով կհաջողվի, այլ թե որքան հավակնոտ է առաջին նախագահը և անկեղծորեն որքան ոչնչություն է համարում իր ազգին։ Այնքան, որ անպատիժ ու շատ դուխով սկսել է ուղեղների լվացումը։ Առանց վախի, ամոթի ու ափսոսանքի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել