Երեկ կարդացի «Շշի Մելոյի» ինչպես ինքն էր գրել կլանի ներկայացուցիչներից մեկի ֆեյսբուքյան գրառումը՝ կապված «Պարտեզ» ռեստորանային համալիրի միջադեպի հետ: Առաջին հերթին կցանկանամ խորին ցավակցությունս հայտնել մահացածների հարազատներին և ընկերներին․ բնական է, կորուստը մեծ է, և զգացմունքային ֆոնը կարող էր և մի պահ մթագնել հարազատների գիտակցությունը, և գուցե, ինչ-որ տեղ հասկանալով այդ ամենը, չանդրադառնայի գրառմանը, եթե այն լիներ իրականությունը բնութագրող և ոչ ուղղորդված: Իսկ այն, որ գրառումը բացարձակ ապատեղեկատվություն է, գիտի գոնե Աբովյանում բնակվող յուրաքանչյուր ոք, քանզի «Շշի Մելոյի» կլանի երիտասարդներն են եղել զինված, և հենց նրանք են նախաձեռնել ամբողջ կոնֆլիկտը: Հասկանալի պատճառներով սույն գրառման հեղինակը նման էմոցիոնալ պոռթկում է իրեն թույլ տվել՝ բացարձակ չտիրապետելով գործի հանգամանքներին, մինչդեռ գրառման հեղինակը լավ կաներ՝ հարցներ Մանուկյան կլանի երիտասարդներին, թե այդ ո՞ւր էին գնում «ֆուլ» զինված շքախմբով, ի՞նչ տրամաբանությամբ էին, սեփական տեխսպասարկման կետը թողած, այլոց դուռը եկել ու, բառիս բունի իմաստով, ծեծի ենթարկել աշխատակցին, այնուհետև ջարդ ու փշուր արել ողջ տեխսպասարկման կետը, չբավարարվելով կատարվածով՝ հետո հաշիվներ մաքրելու նպատակով կանչել «Պարտեզ» ռեստորան և աջ ու ձախ կրակել անզեն մարդկանց վրա: Մի՞թե տեղյակ չեք, որ սա է ամբողջ ճշմարտությունը, և որ հենց Մանուկյան կլանի ներկայացուցիչների անկանոն կրակոցների արդյունքում են մարդիկ վիրավորվել և զոհվել: 

Հարգելի Նարե Մանուկյան, Դուք, վշտից կուրացած, այլոց խորհուրդ եք հղում զբաղվել երեխաների դաստիարակությամբ, մինչդեռ եթե ժամանակին նույն այդ խորհուրդները հղեիք Մանուկյան կլանի անդամներին, գուցե այսօր այս ողբերգությունը տեղի ունեցած չլիներ: 

Խորապես կիսելով Ձեր ցավը՝ ուզում եմ պարզապես ասել, որ թույլ մի տվեք՝ Ձեր վշտի վրա ոմանք կառուցեն իրենց մանիպուլացիաները...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել