2018 թվականի փետրվարի 6-ը պատմության ամենաօրիգինալ գովազդային ակցիայի օրն է: Այդ օրը Falcon Heavy հրթիռը Տիեզերք ուղարկեց Tesla Roadster մեքենան, որի ղեկին մանեկեն էր՝ հագած սկաֆանդր: Ինչո՞ւ: «Որովհետև ես կարող եմ»,- կարծես ասում է Մասկը: Բայց, իհարկե, այս ակցիայի հիմնական նպատակն ուշադրություն գրավելն էր:

Արդեն անցել է մեկ տարի, ինչ մեքենան Տիեզերքում է: Ոչ ոք չգիտի, թե ինչ է պատահել այդ մեքենային: Իլոն Մասկը վստահորեն ասում է, որ էլեկտրամոբիլի ճանապարհորդությունը Տիեզերքում կարող է տևել միլիարդավոր տարիներ: Ճիշտ է դա, թե ոչ, հնարավոր չէ պարզել, քանի որ մեքենան շատ փոքր է, և դրան հետևելը շատ բարդ է: Մասնագետներն ասում են, որ մեքենան այդքան երկար չէր դիմանա Տիեզերքում:

Քիմիկոս Ուիլյամ Քերոլի խոսքերով, տիեզերական ռադիացիան արդեն, հավանաբար, ոչնչացրել է մեքենայի անիվները, կաշվե նստատեղերը և բոլոր մասերը, որոնք պատրաստված էին կտորից և պլատիկից: Այնպես որ, եթե մենք կարողանայինք տեսնել մեքենան հիմա, դա կլիներ շատ տխուր պատկեր:

Եթե մեքենան մնա Տիեզերքում միլիոն տարի, ապա դրանից կմնա միայն ալյումինե մնացորդ: Սակայն մեքենան դժվար թե այդքան մնա Տիեզերքում: Դրա համար հիմնական խնդիրը տիեզերական աղբն է: Մեծ մարմնի հանդիպելիս Tesla-ն ու մանեկենը պարզապես կբաժանվեն մասերի, եթե, իհարկե, դեռ չեն բաժանվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել