Այսօր փոքրիկ խանութում ականատես եղա հեղափոխականի ու հակահեղափոխականի «բախմանը»։

Առաջինը ՀԴՄ կտրոն տվեց ու քմծիծաղով ասեց, որ տնտեսական հեղափոխություն է անում, իսկ երկրորդը ասեց, թե ՀԴՄ–ն ինչի՞ս է պետք, նախկինում գոնե ՀԴՄ–ն շահումով էր, իսկ հիմա՝ ոչ։ Այս գաղափարական բանավեճից հետո երկուսն էլ դարձան հակահեղափոխական։

ՀԴՄ կտրոն տպողը բացատրեց, որ իրեն ձեռնտու չէ կտրոն տպելը, քանի որ «ապտավիկներից» իրենք ապրանքն ամբողջությամբ «թղթով» չեն կարողանում վերցնել ու եթե ՀԴՄ–ն «խփեն», ապա իրականում հարկերը տալուց հետո տակը բան չի մնա ու առևտուրն անիմաստ կդառնա։

Հիմա որպեսզի դասակարգային հակադրություն չլինի ՀԴՄ կտրոն տպող/չտպող վաճառողի (սրանք պայմանական հակահեղափոխականներն են) և գնորդի (սրանք պայմանական հեղափոխականներն ու համատեղությամբ նաև հպարտ քաղաքացիներն են) միջև, կառավարությունը պետք է նախ խոշոր բիզնեսին բերի փաստաթղթավորման դաշտ՝ մինչև այդ հարկային ու մաքսային այնպիսի քաղաքականություն վարելով, որ և՛ խոշորին, և՛ փոքրերին, և՛ հանրությանը ձեռնտու լինի։

Ա՛յ հենց վերևից սկսեցին դաշտը փաստաթղթավորել, նոր կարող են կրպակատիրոջը դարձնել ՀԴՄ կտրոնով «տնտեսական հեղափոխություն» անող։ Թե չէ ՀԴՄ–ական քարոզչական փուչիկները Խրյուշչովի՝ «կուկուռուզների» գերարտադրության միջոցով ԱՄՆ–ին հասնելու և անցնելու կարգախոսն է հիշեցնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել