Նեգատիվը վատ է անդրադառնում մեր ֆիզիկական ու հոգեկան առողջության վրա: Բայց ինչու են ուրեմն մարդիկ բողոքում: Վստահաբար՝ ոչ նրա համար, որ բոլորին զզվեցնեն իրենց դժգոհությամբ: Երբ նրանց մեջ աճում է նեգատիվը, մարդիկ ուզում են այն դուրս հանել: Մեզ թվում է, թե այդպես անելով` միանգամից ամեն բան կթեթևանա:

Սակայն գիտությունը դրա մեջ մի քանի լուրջ թերություններ է տեսնում: Դրանցից մեկն այն է, որ նեգատիվ մտքերն արտահայտելը ոչ միայն թեթևություն է բերում, այլև վատացնում է նրանց ինքնազգացողությունը, ովքեր այդ ամենը լսում են:

Էմոցիաների ուսումնասիրությամբ զբաղվող հոգեբան Ջեֆրի Լորն ասում է. «Նյարդայնության պոռթկումը նման է փակ տարածության մեջ գազեր բաց թողնելուն, իսկ դա լավ չէ»:

Բողոքները վատ են անդրադառնում ձեր, ձեր ընկերների ու գործընկերների տրամադրության վրա, բայց շարունակական նեգատիվը միայն դրանով չէ վտանգավոր: Բողոքները վնասում են նաև մեր հոգեկան աշխարհին ու առողջությանը, և դա գիտականորեն ապացուցված է:

Մարդու բնույթի հետազոտությամբ զբաղվող Սթիվեն Փարթոնը բացատրում է, որ բողոքները ոչ միայն վատացնում են ուղեղի աշխատանքը, այլև ունեն լուրջ նեգատիվ հետևանքներ հոգեկան առողջության համար: Նա վստահ է, որ բողոքները բառի ուղիղ իմաստով մարդուն կարող են հասցնել մահվան:

Ստորև նա թվարկում է այն 3 եղանակները, որոնց միջոցով դա կարող է պատահել:

  1. Իրար հետ աշխատող նյարդային բջիջները միշտ կապված են միմյանց հետ:

Համաձայն Պարտոնի գիտական հետազոտությունների` սա նեյրոգիտության առաջին դասերից մեկն է: Մեր ուղեղի մեջ գոյություն ունեն շատ նյարդային բջիջներ` սինապսներ, որոնք միմյանցից բաժանված են սինապտիկ ճեղքերով: Բավական է, որ դուք ինչ-որ բանի մասին մտածեք, երբ մի նյարդային բջիջը այդ ճեղքի միջոցով քիմիական նյութեր է փոխանցում մյուս բջջին` դրանով իսկ կամուրջ կառուցելով, որով հետագայում անցնում է նյարդային իմպուլսը, որն իր մեջ տանում է այն ինֆորմացիան, որի մասին դուք մտածում եք:

Բայց ահա թե ինչն է ամենահետաքրքիրը: Ամեն անգամ, երբ էլեկտրական իմպուլս է առաջանում, նյարդային բջիջները ձգտում են միմյանց, որպեսզի կրճատեն այն տարածությունը, որն այդ իմպուլսը պետք է հաղթահարի: Բջիջների միջև փոխգործակցություն ստեղծելու համար ուղեղը վերդասավորվում է և, այդ բառի ամենաուղիղ իմաստով, փոխում իր ֆիզիկական կառուցվածքը` դրանով իսկ պարզեցնելով նոր մտքերի ձևավորումը:

Եվ այսպես, եկեք ի մի բերենք արդյունքները: Մի մտքի առաջանալը հեշտացնում է մյուսի առաջացումը: Բայց այնքան էլ լավ նորություն չէ նրանց համար, ովքեր անընդհատ տրամադրություն չունեն, չնայած ուրախ մարդիկ դրա համար միայն շնորհակալ պետք է լինեն, քանի որ նրանց պոզիտիվ մտածողությունն ուժեղանում է:

Անընդհատ վատ տրամադրություն ունեցող մարդկանց մոտ ամեն ինչ ժամանակի հետ միայն վատանում է: Բացասական մտքերի կրկնվելը միայն նոր նեգատիվ մտքեր չի, որ իր հետ բերում է: Դրանք կարող են ձեզ պատուհասել անգամ ամենասովորական զբոսանքի ժամանակ: Այլ կերպ ասած` դա կարելի է բացատրել այսպես` եթե ձեր տրամադրությունը անընդհատ վատ է, ապա ձեր մտքերը միայն կխորացնեն իրավիճակը:

Պարտոնն ասում է, որ սինապսների միջև տարածության կրճատումը հանգեցնում է ավելի հոռետեսական աշխարհայացքի: Միմյանց հետևող նեգատիվ մտքերը միմյանց են մոտեցնում հոռետեսության հանդեպ ձեր հակումներն արտացոլող մի քանի նյարդային բջիջներ, և երբ գալիս է ինչ-որ միտք ձևավորելու ժամանակը, ապա ձևավորվում է հենց այն մեկը, որին անհրաժեշտ է հաղթահարել ամենակարճ ճանապարհը, և որը համապատասխանաբար կկարողանա մնացածներից արագ կառուցել սինապսների միջև կամուրջը:

Այսպես հոռետեսությունն ու ձանձրույթը սկսում են իշխել լավատեսությանը:

  1. Դուք այն եք, ում հետ շփվում եք:

Ձեր ուղեղը վերադասավորվում է դեպի նեգատիվ մտածողություն ոչ միայն շարունակական  վատ մտքերից, այլև այդպիսի մտքեր ունեցող մարդկանց հետ շփվելիս: Բայց ինչու է այդպես պատահում:

«Երբ մենք տեսնում ենք, թե ինչպես են ինչ-որ մեկին տիրում էմոցիաները, լինի դա զայրույթ, տխրություն, երջանկություն և այլն, մեր ուղեղը փորձում է արտադրել նույնպիսի էմոցիա, որ պատկերացնես, թե ինչ է զգում ուրիշ մարդը: Դա տեղի է ունենում ուղեղում նմանատիպ նյարդային սինապսների ներգրավման հաշվին: Այդ պրոցեսը էմպատիա անվանումն է կրում: Այդպես մարդկանց մոտ ի հայտ է գալիս հոտի զգացողություն, և ճիշտ այդպիսի բնույթ է կրում, օրինակ, երաժշտական փառատոների ժամանակ առաջացած զանգվածային հաճույքը: Նույնը վերաբերում է նաև սրճարաններում գիշերային ժամերին այն ընկերների հետ ժամանակ անցկացնելուն, ովքեր պաշտում են ամեն ինչից բողոքելը»,- գրում է Պարտոնը:

Այստեղից կարելի քաղել հետևյալ դասը. Եթե դուք ուզում եք ազատվել հոռետեսությունից, ձեզ շրջապատեք երջանիկ մարդկանցով, որոնք ձեր ուղեղը կկարգավորեն սիրո ուղղությամբ:

  1. Սթրեսը քայքայում է ձեր մարմինը:

Ողջ ասվածը գերազանց փաստարկ է նեգատիվ մտածողությունից ազատվելու օգտին` սեփական հոգեկան առողջությունը պահպանելու համար:

Սակայն Պարտոնն ասում է, որ բողոքներից հրաժարվելը կարևոր դեր է խաղում մարդու ֆիզիկական առողջության պահպանման գործում:

«Երբ ձեր ուղեղը նյարդային բջիջներին կատաղության ազդանշաններ է ուղարկում, ձեր իմունային համակարգը խոցելի է դառնում: Ձեզ մոտ բարձրանում է արյան զարկերակային ճնշումը, մեծանում է սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը, առաջանում է ավելորդ քաշի խնդիր, կարող է ի հայտ գալ շաքարախտ և էլի բազմաթիվ տհաճ հիվանդություններ»:

Այս ամենի մեղավորը սթրեսի կորտիզոլ հորմոնն է: Երբ դուք լցված եք բացասական մտքերով, դուք այդ դժգոհությունը դուրս եք հանում ու դրանով վնասում եք ձեր հիշողությանն ու ուսումնառության պրոցեսին, ճնշում եք իմունային համակարգը, նվազեցնում եք ոսկորների ամրությունը, սկսում եք ավելորդ քաշ հավաքել, բարձրանում է արյան ճնշումը, առաջանում են սրտային հիվանդություններ ու այլ տհաճ բաներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել