2018-ի հարկային վճարումների վիճակագրությունն է երեկվանից քննարկվում։ Ոմանք շեշտը դնում են այն բանի վրա, որ «Ալեքս Հոլդինգը» (Սամվել Ալեքսանյանի) համարյա մեկ քառորդով քիչ է հարկ վճարել, քան 2017-ին՝ մեկնաբանելով այսպես. «Ըհն, Ալեքսանյանը կրկին կարողացավ լեզու գտնել իշխանությունների հետ ու կրած դուրս եկավ այս ամենից»։ Մյուս կողմից կտրուկ աճել են որոշ այլ խոշոր տնտեսվարողների վճարած հարկերը, ինչը մեկնաբանվում է. «Ըհը, Նիկոլը ստիպեց, որ բոլոր հարկերը վճարեն»։ Իրականում խնդիրն այն է, որ մենք ավելորդ հարցեր տալ չենք սիրում։ Նույնիսկ հայ լրագրողները խորը հարցեր տալ չեն սիրում, հաճախ գերադասում են բամբասանք գրել, քան հարց տալ ու հարցի «հետևից գնալ»։ Ի՞նչ հարցեր արժեր տալ այս վիճակագրության վերաբերյալ։ 1. ԻՆՉՈ՞Ւ են նվազել Ալեքսանյանի ընկերության վճարած հարկերը։ Գուցե կիսել է ընկերությունը և հիմա նույն չափի հարկ մի քանի իրավաբանական անձերով է վճարում։ Գուցե նվազել են եկամուտները և ինչ-որ վնասնե՞ր է կրել։ «Օդում կախված» խոսակցություններ կան, որ արտահերթ ընտրություններին Ալեքսանյանը ֆինանսավորել է իշխանական կուսակցության շտաբերը։ Որևէ լրագրող հետաքրքրվե՞լ է այս հարցով։ Ընդհանրապես, «ԻՆՉՈՒ» հարցը պետք է տալ թե´ Ալեքսանյանին, թե´ ՊԵԿ-ին, թե´ տնտեսագետ-փորձագետներին։ 2. ԻՆՉՈ՞Ւ են ավելացել այլ տնտեսվարողների հարկային վճարումները։ Գուցե նախկինում խուսափե՞լ են հարկերից։ Այդ դեպքում չպիտի՞ քրեական պատասխանատվություն կրեն։ Ի՞նչ գործեր են հարուցվել այդ առիթով, ի՞նչ փուլում են։ Կամ գուցե այնպիսի տնտեսական աճ է երկրում, որ հարկե՞րն էլ կտրուկ աճեցին (էս մեկը կատակ է, դե հասկացաք :))։ Նաև «օդում կախված» խոսակցություններ կան, որ տնտեսվարողներին ստիպել են բյուջե լցնել, ուշացրել են ավելացված արժեքի հարկի վերադարձները, որ տարեվերջին հարկային եկամուտ «նկարեն» վիճակագրական հաշվետվությունների համար։ Մի խոսքով, էլի «ԻՆՉՈ՞Ւ»։ Ընդհանրապես, «ինչու»-ն լրագրության ամենակարևոր հարցերից է, բայց ցավոք ՊԵԿ-ի տարեկան թվերի մասին 7–8 հատ նյութ կարդալով խելքին մոտ ոչ մի պատասխան առայժմ չստացա
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել