Եկեք այսօր խոսենք էդ չարաբաստիկ բառի մասին, որ Նիկոլ Ճաճանչափայլն իր երիտների դրիմ թիմի հետ դարձրել է մատի փաթաթան։ Ինչպես հասկացաք, ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱ բառի մասին ենք խոսելու։

Արդեն մի քանի ամիս է, ինչ սրանք իրենց հասցեին հնչող բոլոր քննադատություններին, սուր հարցերին, կշտամբանքին ու դժգոհությանը տալիս են մեկ պատասխան․ այդ ամենն այն մանիպուլյացիաների արդյունք է, որ անում են մեդիան, նախկին իշխանությունները, ՀՀԿ-ն, Սաշիկը, Մեշոկ Պապին և այլն։

Ո՞րն է այս թեզի ամենախոցելի կետը։ Նախ՝ այն, թե ովքեր են դա կիրառում։ Ասենք՝ ամոթն էլ լավ բան է, որովհետև երբ դու պետական հեղաշրջում ես անում՝ դիմելով ամենատափուկ մանիպուլյացիաների, պետք է դեմքդ պադոշ դարձնես, որ հետո գանգատվես դրանցից։ Մեդիա մանիպուլյացիաներից են նեղվում հորքուրի գանձերը։ Տղերք, մոռացա՞ք, թե ինչ մանիպուլյացիաներով եկաք: Դե եկեք հիշեցնեմ մի քանիսը․

1․ Հայաստանում սարսափելի թալան է, որը հենց կասեցվի, նենց ենք ապրելու, որ էլ ասելու չէ։

Դուք արդեն համարյա 1 տարի է, ինչ եկել եք, բայց տնտեսական վիճակը միայն վատթարանում է, արդեն անգամ բանանը էժան չէ։ Բա էդ ո՞նց եղավ։ Հիմա թալանը չկա՞ր, թե՞ թալանը կա, բայց արդեն ձեր օրոք։

2․ Հայաստանում ստվերային տնտեսությունն այնպիսի ահռելի մասշտաբների է, օլիգարխներն այնպիսի համակարգեր են ստեղծել, որ հենց էդ համակարգը կոտրենք, նենց ենք ապրելու, որ էլ ասելու չէ։

Օլիգարխներ էլ չկան՝ ասում է Նիկոլ Ճաճանչափայլը։ Բարի, չկան։ Ստվերի դեմ էլ անողոք պայքար է, ասեցին, որ մի քանի տասնյակ հազարով ավելացել է գրանցված աշխատողների թիվը։ Բա, տղերք ջան, բա ինչո՞ւ բյուջետային մուտքերի մասով դրամատիկ աճ չկա։ Հիմա ստվերն այդքան մեծ չէ՞ր, որքան դուք էիք ներկայացնում, թե՞ առաջվա պես մեծ է, իսկ եթե այդպես է, ապա ովքե՞ր են գրպանում ստվերային միջոցները, եթե էլ օլիգարխներ չկան։

3․ Արագաչափերն ու կարմիր գծերը քըխ են ու Սաշիկինն են, մի հատ էլ պրիվետ օտ Զիմզիմովա։

Վայ, փաստորեն, արագաչափերը ո՛չ էդքան քըխ էին, ոչ էլ Սաշիկինն էին։ Անգամ պարզվեց, որ պետքական էին։

4․ Բոյկոտենք Սիթին, Սամվել Ալեքսանյանը փիսն ա, ռեժիմին ա սպասարկում, Սիթիի ապրանքների մեջ էլ լուծողական են լցնում, որ մարդիկ ցույցերի չգնան։

Սամվել Ալեքսանյանը մի հրաշք անձնավորություն դուրս եկավ, անցած տարվա ընթացքում էլ նա ավելի քիչ հարկեր է մուծել, քան դրա նախորդ տարում։

5․ Գագիկ Խաչատրյանի կոստյումի արժեքը պետք է հաշվել, զարմանալի թիվ դուրս կգա։

Նիկոլ Փաշինյանի զուտ հայկական արտադրության գարդերոբում հաճախ կարելի է հանդիպել Սասնա լեռների մասին հուշող «Կելվին Կլայն» կոստյում, «Զեյնա» շարֆ, և այլն, իսկ Աննա Հակոբյանի «Շանելների» և «Գուչիների» մասին ավելի լավ է լռենք։

6․ Գազի սակագինն էժանացնելու պոտենցիալ կա, էս ստորերը հատուկ Իրանից ավելի էժան գազ չեն բերում։

Պարզվում է, որ Իրանի գազն ավելի էժան չէ, մի բան էլ՝ թանկ է, սակագին էժանացնելու պոտենցիալն էլ բերում է առայժմ 10 տոկոս թանկացման։

7. Իշխանությունները հենվում են իշխանության քարոզն անող Հանրայինի ու լրատվամիջոցների վրա։

Իշխանությունները հիմա երևի ո՛չ Հանրայինի քարոզի հույսին են, ոչ էլ Ազատության ու Սորոսյան գրանտներով աշխատող ԶԼՄ-ների։ Դե իսկ ՀԺ-ում զետեղված պարզաբանում պահանջող հայացքի մասին հանճարեղ «լուրն էլ» անաչառ ու անկողմնակալ լրագրության վառ դրսևորում է։

8․ Սաշիկն ալամ Հայաստանում 50 տոկոս փայ է։

Նիկոլը երկու օր առաջ էլի ասում է նույնը, ու մարդ շիվարում է․ տնաշե՛ն, օրենսդիրն էլ ես դու, գործադիրն էլ, իրավապահն էլ, մի՞թե այս 9 ամսվա մեջ դժվար էր էդ համատարած 50 տոկոսներից գոնե մեկը ցույց տալը։

9․ Դարձրել եք երկիրը Ռուսաստանի գուբերնյա, ծուռ վզով եք երկրից դուրս գալիս։

Ու տենց ուղիղ վզով էլ օրենք խախտելով հանուն Լադիմիր Լադիմիրի մեղմիկ ժպիտի Սիրիա զորք ենք ուղարկում, Արցախյան հարցի բանակցություններում էլ կորցնում ենք Ժնևի, Վիեննայի ու Պետերբուրգի հիշատակությունները։

10․ Ո՜նց կարելի էր ԱԺ բերել Շմայսի, գեներալ Մանվելի ու գեներալ Սեյրանի։ Ախր դա երկրի բարձրագույն օրենսդիր ամբիոնն է։

Երկրի բարձրագույն ամբիոն, փաստորեն, կարելի էր բերել Թավշյա Եկածերինին, Նիկոլայ Իմաստասեր-Կնամեծարին ու իր մեջի Գիքորի դեմ անխոնջ պայքար մղող ու ավտորիտարիզմի անունը լսելիս ջանին դուրս տվող Կոնջորյանին։ Մուրա՛զ։

Ու էս ցուցակը կարելի է անվերջ շարունակել ու շարունակել։ Տղե՛րք, ով-ով, բայց դուք «մանիպուլյացիա» բառն անգամ իրավունք չունեք արտասանելու դրանից բողոքելու կոնտեքստում, որովհետև ներկա իշխանական թիմում բոլորն անխտիր Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմության ամենամեծ, ամենաթանկարժեք ու ամենաճղճիմ մանիպուլյացիաների շղթաների արգասիք են։ Բո-լո-րը։

Ու հիմա, որ բումերանգ էֆեկտ է ստեղծվել, դրանում մեղավորը մեդիան, նախկին իշխանությունները, ՀՀԿ-ն, Սաշիկը, Մեշոկ Պապին չեն, այլ դուք ու ձեր ճաճանչափայլ փրկիչը, և այդ մեծ մանիպուլյացիայի շղթայի բոլոր հետևանքներով մենք չենք էլ անցել դեռ։ Այ, երբ անցնենք-վերջացնենք, դրան տրվեն համապատասխան գնահատականներ, այդ թվում՝ իրավական, նոր կվերաիմաստավորենք էդ բառի արդի նշանակությունը մեր իրականությունում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել