Մասաչուսեթսի ընդհանուր կլինիկական հիվանդանոցի բժիշկները պարզել են, որ օրական յոթ ժամից պակաս տեւողությամբ քունը կարող է մեծացնել ինսուլտի ռիսկը: Համապատասխան գիտական աշխատությունը հրապարակված է Nature հանդեսում։

Հետազոտությունը կատարվել է մկների վրա: Կրծողներին բաժանել են երկու խմբի. դրանցից առաջինը գիշերվա ընթացքում քնել է ոչ պակաս, քան յոթ ժամ, իսկ մյուսին մշտապես արթնացրել են: Այն մկների մոտ, որոնց զրկել են քնից, արդյունքում դիտվել է լեյկոցիտների մակարդակի բարձրացում եւ աթերոսկլերոտիկ թիթեղիկների աճ:

Ընդ որում՝ խմբերից ոչ մեկում քաշի եւ խոլեստերինի մակարդակի փոփոխություններ չեն դիտվել: Հետազոտողների խմբին հաջողվել է գլխուղեղում գտնել հիպոկրետին հորմոնը, որը կապված է քնի ընթացքում ոսկրածուծի մեջ արյան սպիտակ բջիջների արտադրման հետ: Հորմոնի նվազեցված պարունակությունն էլ հենց հանգեցնում էր թիթեղիկների ձեւավորմանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել