168.am-ը գրում է.

«Հայաստանը չի կարող հենց այնպես մերժել Ադրբեջանի հետ որևէ շփում: Եվ հետո, քննարկվող հարցերի մեջ պետք է ներառել 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո թեկուզ կիսատ-պռատ ձեռք բերված պայմանավորվածությունները (Վիեննա և Սանկտ Պետերբուրգ): Խոսո՞ւմ են դրա մասին, թե՞ ոչ: Մենք այս մասին տեղյակ չենք, ու սա անհանգստացնում է բոլոր այն փորձագետներին, ովքեր կարծում են, որ այդ պայմանավորվածությունների չկատարվելը շատ մեծ վնաս է հասցնում հենց հայկական կողմերին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:

Բանախոսին հետաքրքրում է՝ արդյո՞ք հանդիպումների ժամանակ Հայաստանը պնդում է, որ շփման գծի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի պետք է կոչվեն:

«Հերթական հանդիպումից հետո Մինսկի խմբի նախագահների կողմից շրջանառության մեջ դրվեց ժողովուրդներին խաղաղության պատրաստելու գաղափարը: Հայաստանը, ինչպես միշտ, պատրաստ էր: Սրա արդյունավետությունը կասկածելի է: Պետք է մենք հստակեցնենք, որ Ադրբեջանն այսօր հանդես է գալիս՝ որպես մի սուբյեկտ, որը վստահություն չի ներշնչում՝ անգամ գրավոր միջազգային պայմանավորվածությունները խստորեն պահպանելու առումով: Մենք ունենք լուրեր, որ քրեական հանցագործություն գործած անձինք հերոսացվել են, ավելին՝ այդպես էլ չեն վերադարձվել 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ երկու գլխատված անձանց գլուխները:

Սա ոչ միայն բարբարոսություն, այլև վայրենություն է: Միջազգային փորձը ցույց է տալիս նաև այն, որ, եթե չեն հստակեցվել կողմերի իրավական հարաբերություններն ու պատասխանատվությունը, միշտ կոմպրոմիսային տարբերակ է ներկայացվում: Դուք լսե՞լ եք, որ հրեաներին ու նացիստներին առաջարկեն որևէ կոմպրոմիս: Չկա նման բան: Նյուրնբերգյան գործընթաց է եղել»,- նշեց Լարիսա Ալավերդյանը:

«Հին իշխանություններին քննադատեցինք, ոչ մի բանի չհասանք, հիմա՝ նորերը: Արդյո՞ք կան քայլեր, որով ամբողջովին խեղաթյուրված Արցախի հիմնահարցը տեղափոխում են այլ հարթություն, որտեղ պարզ երևում է, որ Ադրբեջանի քաղաքականությունն ու նրա շարունակական գործողությունները նշանակում են մեկ բան՝ ոչնչացում կամ ամբողջովին տեղահանում հայությանը՝ ոչ միայն Արցախից, այլև ամբողջ տարածաշրջանից»,- հավելեց նա:

168.am-ի հարցին՝ հե՞շտ կլինի Արցախը բանակցությունների սեղան վերադարձնել, Լարիսա Ալավերդյանը պատասխանեց.

«Այն հարթությունը, որի մեջ գտնվում է հիմա Արցախը, այո՛, չի կարող բանակցությունների սեղան վերադառնալ, որովհետև տվյալ դեպքում Արցախը դիտարկվում է՝ որպես սեպարատիստական շարժման արդյունքում Ադրբեջանի կազմում ինքնորոշված: Դրա համար Ադրբեջանը դա չի անում: Երբ որ Հայաստանն ասում է՝ ես կապ չունեմ, կամ վարչապետն ասում է՝ ինձ Արցախի ժողովուրդը չի ընտրել, դրա մեջ վտանգ կա: Ստացվում է, որ դա Ադրբեջանի ներքին հարցն է: Արցախի ժողովուրդը Ալիևին էլ չի ընտրել: Ամեն մի նախադասությունը տարբեր ձևով կարելի է մեկնաբանել, հետևաբար՝ ձևակերպումները պետք է ամբողջական տալ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել