168.am-ը գրում է.

2018 թվականի թավշյա հեղափոխությունը լրջագույն փոփոխություններ հարուցեց նաև զանգվածային լրատվության միջոցների բնագավառում: Այդ փոփոխությունները մասամբ նոր էին, մասամբ՝ նախկինից եկող, հաճախ թաքնված հիմնախնդիրների արտահայտություններ էին: Հետհեղափոխական առաջին շրջանում թվում էր, թե մամուլի համար ստեղծվել են նոր հնարավորություններ:

Սակայն այդ տպավորությունները չափազանցված էին, քանի որ կարճ ժամանակ անց արտահայտիչ դարձան նաև մամուլի բնագավառում առկա խնդիրները: Նախ բուն հեղափոխության օրերին մամուլը ոչ ամբողջությամբ էր կատարում անկախ և օբյեկտիվ տեղեկատվություն մատուցելու իր գործառույթը: Մամուլի շատ միջոցներ շատ դեպքերում հանդես էին գալիս՝ որպես քաղաքական այս կամ այն կողմի շահերի անթաքույց արտահայտողներ, պաշտպաններ և հակառակ կողմի դատավորներ ու քննադատներ: Այդ երևույթն ուներ՝ ինչպես օբյեկտիվ, այնպես էլ՝ սուբյեկտիվ պատճառներ: Բոլոր դեպքերում, անկախ արձանագրված թերություններից, կարող ենք փաստել, որ մեդիան պատվով կատարեց հեղափոխական իրավիճակում իրեն վերապահված դերը:

Մամուլում հիմնախնդիրները շարունակվում են նաև հեղափոխությունից հետո՝ այսօր: Բնականաբար, այսօրվա և հեղափոխական օրերի խնդիրն ու մարտահրավերները տարբեր են: Ֆորմալ առումով մամուլի ազատության և անկախության, օբյեկտիվության համար առկա են բոլոր պայմանները՝ կառուցակարգերը, ինստիտուտները: Մյուս կողմից՝ երկրում, հասարակության շրջանում ձևավորված մթնոլորտը խոչընդոտում է անկախ մամուլի գործունեությանը: Դեռևս հեղափոխության օրերից հասարակությանը «սևերի ու սպիտակների», ներկաների ու նախկինների, յուրայինների և օտարների բաժանելու արատավոր երևույթն ուղղակիորեն ազդում է նաև մամուլի գործունեության վրա:

Մամուլի ցանկացած հրապարակում, ցանկացած տեղեկատվություն, որը հաճո չէ այս կամ այն խմբի համար, անմիջապես որակվում է՝ որպես հակառակորդ խմբի շահերի սպասարկում, պիտակավորվում է, հրապարակման հեղինակներն ու այն հրապարակած լրատվամիջոցը հայտնվում են սոցցանցային դատարանի առաջ՝ ստանալով ընդհուպ անվտանգությանն ուղղված սպառնալիքներ:

Այս պայմաններում մամուլի, լրագրողների համար չափազանց դժվար է աշխատել՝ պահպանելով օբյեկտիվության և հավաստիության կանոնները: Այսինքն՝ մամուլը ոչ իր կամքով հայտնվել է հասարակության տարբեր շերտերի քննադատության թիրախում, ինչն օբյեկտիվորեն ազդում է նրա աշխատանքի որակի վրա:

Զուգահեռաբար՝ մամուլի ներսում շարունակում են պահպանվել դիրքավորման այն խնդիրները, որոնց մասին նշեցի ելույթի սկզբում: Զանգվածային լրատվության բազմաթիվ միջոցներ այսօր էլ իրենց աշխատանքով, կամա թե ակամա, դասվում են այս կամ այն քաղաքական խմբի, խմբերի շահերի սպասարկողների թվին՝ ներկայանալով քաղաքական բարիկադների այս կամ այն կողմում: Դա մեզ՝ մամուլի ներկայացուցիչներիս համար ինչ-որ իմաստով՝ անպատվաբեր է, քանի որ մենք այդպիսով հեռանում ենք մեր հիմնական առաքելությունից՝ հասարակությանը տեղեկացնելու, հավաստի և բազմակողմանի լրատվություն ապահովելու մեր գործառույթից:

Մամուլի խնդիրները միայն մամուլինը չեն, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից: Չորրորդ իշխանությունը հանրային կառավարման համակարգի կարևորագույն ենթահամակարգերից մեկն է, որն իրականացնում է քաղաքացիական, հանրային վերահսկողություն, առաջին հերթին՝ իշխանությունների գործունեության նկատմամբ: Իր այդ գործառույթով մամուլը կարևորագույն դերակատարում ունի նաև քաղաքական համակարգի ամբողջականության, քաղաքական հավասարակշռության պահպանման տեսանկյունից: Այս առումով մեդիայի խնդիրները նաև իշխանության, քաղաքական կուսակցությունների խնդիրներն են, քանի որ մամուլի անկատար վիճակը պրոյեկտվում է նաև հանրային կառավարման համակարգի մյուս ենթահամակարգերի՝ իշխանության, քաղաքական ուժերի, տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության միավորումների վրա:

Ես առաջարկում եմ զանգվածային լրատվության միջոցների հիմնախնդիրները դիտարկել հենց նշված՝ համակարգային համատեքստում՝ փորձելով գտնել խնդիրների համակարգային լուծումներ:

Այդ առումով կարևորում եմ մեր կառույցի՝ Ժուռնալիստների միության դերակատարությունը: Մենք կարող ենք և պետք է դառնանք մամուլի բոլոր միջոցների, առանց բացառության՝ բոլոր միջոցների միավորողը՝ անկախ լրատվամիջոցի քաղաքական ուղղվածությունից կամ այլ առանձնահատկությունից:

Մեզ միավորում է մասնագիտական ընդհանրությունը, իսկ այսօր միավորում են նաև մասնագիտական խնդիրները: Դրանք լուծելու համար անհրաժեշտ են մասնագիտական, հանրային լայն քննարկումներ, օրենսդրական նախաձեռնություններ, նոր իրավական ակտեր: Դրանք ընդունելու համար անհրաժեշտ է նախ հստակ ախտորոշել մեր խնդիրները, գնահատել այդ խնդիրների լուծման մեր հնարավորությունները և գործել: Գործել միասնաբար՝ հարգելով բոլորիս ու յուրաքանչյուրիս քաղաքական, քաղաքացիական դիրքորոշումը, այս կամ այն հարցի նկատմամբ ունեցած վերաբերմունքը:

Մամուլի միջոցներն իրավունք չունեն բարիկադավորվել՝ ինչպես քաղաքական ուժերը: Որովհետև բարիկադավորվելով՝ մենք բարիկադավորում ենք նաև մեր ընթերցողներին, այսինքն՝ հասարակությանը:

Փորձենք արդարացնել տեղեկացված լինելու հանրային սպասումները, հատկապես՝ ներկայիս ժամանակներում, երբ այդքան շատ է տեղեկատվական աղբը: Մենք այդ աղբը մաքրելու, հասարակությանը ֆիլտրված ու որակյալ տեղեկատվություն մատուցելու առաքելություն ունենք:

Մենք՝ որպես մամուլի միջոցներ, այսօր ապրում ենք մի կողմից՝ նոր խաղի կանոնների ու փոփոխությունների, մյուս կողմից՝ մարտահրավերների ու խնդիրների պայմաններում: Բայց մենք ունենք նաև ուժեղ կողմեր և հնարավորություններ: Ուստի առաջարկում եմ միավորել մեր ուժեղ կողմերն ու հնարավորությունները՝ առկա սպառնալիքներն ու մարտահրավերները հաղթահարելու նպատակով:

Ես հավատում եմ, որ մենք կարող ենք անել դա:

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել