«Նամակ Աստծու մասին»-ը, որն Ալբերտ Էյնշտեյնը գրել է 1954 թ. հունվարի 3-ին, Նյու Յորքում կայացած Christie’s աճուրդի ընթացքում վաճառել են 2 892 500 դոլարով։

Աճուրդի տան թվիթերյան էջում նշվում է, որ սկզբնական գինը դրվել էր 1,5 միլիոն դոլար։

«Նամակ Աստծու մասին»-ի ծավալը երկու էջ է և ներառում է մի քանի խմբագրումներ։ Այն գրված է գերմաներենով, քանի որ ուղղված էր Էրիկ Գուտկինդին՝ հրեական ծագում ունեցող գերմանացի փիլիսոփայի, որն աշխատում էր Պրինստոնի համասարանում։ Օրիգինալ ծրարի մեջ դրված է եղել նաև հասցեատիրոջ սև ու սպիտակ լուսանկարը, որը ևս վաճառվել է աճուրդի ժամանակ։

Էյնշտեյնը Գուտկինդին գրել էր վերջինիս «Ընտրիր կյանքը. ապստամբության աստվածաշնչյան կոչ» աշխատությունը կարդալուց հետո։ Ինչպես նշում է աճուրդի տունը, դա «Էյնշտեյնի ամենահայտնի նամակն է Աստծու մասին, նրա հրեական անհատականության և մաՐդու իմաստի հավերժ փնտրտուքի մասին»։

Մահվանից մեկ տարի առաջ գիտնականը գրել է. ««Աստված» բառն ինձ համար սովորական հասկացությունից ոչնչով վեր չէ և մարդկային թուլությունների «արտադրանք» է. Աստվածաշունչը հարգանքի արժանի, սակայն միաժամանակ պրիմիտիվ եգենդների հավաքածու է։ Ոչ մի մեկնաբանություն՝ անկախ նրանից, թե ինչքան սուր է ու հստակ, չի կարող իմ կարծիքը փոխել այս հարցի շուրջ։ Այդ բարդ մեկնաբանությունները բնությամբ շատ են տարբերվում իրարից և օրիգինալ տեքստի հետ ոչ մի առնչություն չունեն»։

Ինչպես նշվում է Christie’s-ի պաշտոնական կայքում, Էյնշտեյնն այստեղ խոսում է XVII դարի հրեա-նիդերլանդացի փիլիսոփա Բենեդիկտ Սպինոզայի մասին, ում աշխարհայացքը նրան հոգեհարազատ էր վաղ տարիքից։ Սպինոզան գրել էր, որ Աստված մարդակերպ էակ չէ, որը միջամտում է առօրյա կյանքին. այն ոչ մի նկարագրման ենթակա չէ և պատասխանատու է միայն երկնային գեղեցկության ու տիեզերքի կարգապահության համար։

Էյնշտեյնի նամակում նաև սահմանվում է հուդայականության վերաբերյալ սեփական տեսլական. «Ինձ համար իրական հրեական կրոնը, ինչպես և մյուս բոլոր կրոնները, պրիմիտիվ սնահավատությունների ամբողջություն է։ Եվ հրեական ազգը, որին ես պատկանում եմ ու որի մենթալիտետն ուրախությաբ կիսում եմ, միևնույն է, ինձ համար ոչ մի առավելություն չունի մյուս ազգերից»,- նշում է գիտնականը։

Նամակում Էյնշտեյնը քննադատում է Գուտկինդի գրքի տարբեր դրույթներ, սակայն վերջում գրում է, որ կիսում է նրա՝ անհատականության բարոյական հիմքի կարևորության վերաբերյալ մոտեցումը, որի մասին խոսում է փիլիսոփան իր աշխատությունում։ «Այժմ, երբ ես ամբողջությամբ բացահայտեցի ինտելեկտուալ դաշտում մեր ունեցած տաբերությունները, միևնույն է, կարծում եմ, որ հիմնականում մենք իրար շատ մոտ ենք, այսինքն՝ մոտ են մարդկության վարքագծի վերաբերյալ մեր մոտեցումները»,- գրել է Էյնշտեյնը։

Անգլերեն թարգմանությամբ նամակի ամբողջական տեքստը կարող եք գտնել Christie’s աճուրդի տան կայքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել