Yerkir.am-ը գրում է.

ՀՀ կառավարության հերթական նիստում տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը մտահոգություն հայտնեց, որ նախարարության նոր նախագծի շրջանակներում տեղադրվող ճանապարհային նշանները գողանում են:

Նա նշեց, որ Երևանից մինչև Իրանի սահմանն ընկած ճանապարհներին ժամանակակից ճանապարհային նշաններ են տեղադրում. շուրջ 4.000 նշան պետք է տեղադրվի: Սակայն, ըստ նախարարի, մի յուրահատուկ նոր փաստ են արձանագրել` այդ նշանները գողանում են ու տարբեր նպատակներով օգտագործում:

«Եթե հիմա թվարկեմ` ինչի համար են օգտագործում, մի քիչ ծիծաղելի կհնչի: Ասենք` թոնրի կափարիչից մինչև հողագործական կամ ձնամաքրման բահ: Շատ կարևոր է արձանագրել, որ մենք պետական միջոցներ ենք ծախսում այդ նշանները դնելու համար և ապահովում ենք ճանապարհների անվտանգությունը: Կարծում եմ, որ շատ անպատասխանատու է այդպիսի գողություն իրականացնելը, քանի որ դրանով տասնյակ անգամներ շատ վնաս են հասցնում պետությանը և իրենց իսկ երեխաների անվտանգությանը»,- նշեց Արշակյանը:

Ընդհանուր առմամբ, ըստ նախարարի, նախագծի իրականացման համար ծախսվելու է մոտ 1 միլիոն դոլար:

Վարչապետ Փաշինյանն արձագանքեց, որ  այս պարագայում ծախսված միջոցներն արդյունք չեն տալիս:  «Այսինքն` պարզվում է, որ մենք այդ 1 միլիոն դոլարը ծախսել ենք ու հարցը չենք լուծել, որից հետո ստիպված ենք ևս 1 միլիոն դոլար ծախսել, որ հետո էլի նշանները գողացվեն: Հետո էլ կպարզվի, որ դրա արդյունքում գումար չի գոյացել, որ մի վթարային շենքի խնդիր լուծենք կամ նպաստն ու թոշակը ինչ-որ ձևով բարձրացնենք: Քաղաքացիներն այս շղթան պիտի հստակ պատկերացնեն:  Շղթայի աշխատելու պատասխանատվությունն առաջին հերթին կառավարությանն է, բայց դա չի նշանակում, որ այն միայն կառավարությանն է»,- ընդգծեց վարչապետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել