168.am-ը գրում է.

Այսօր կառավարության նիստում Սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր-Գրիգորյանը ներկայացրեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որը ներկայացրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:

Փոփոխությունների արդյունքում օրենքի գործողությունը երկարաձգվում է ևս մեկ տարով, ինչը հնարավորություն կտա 27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետում մուծել օրենքով սահմանված դրույքաչափերին համապատասխան վճարը և, վերադառնալով հայրենիք՝ ազատվել քրեական հետապնդումից:

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի խոսքով՝ հերթական նման փոփոխությունը խնդիրը չի լուծում և պետք է վերջնական որոշում կայացվի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ՀՀ-ում հետախուզվողների 80-90%-ը զինծառայությունից խուսափելու համար հետախուզվողներն են, ինչն ունի օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ, շատերը դեռ զորակոչային տարիքի չհասնելն են արտագաղթել և արտերկրում են բնակվում, ինչը նրանց չի ազատում ծառայությունից:

Փաշինյանը նշեց, որ քաղաքական իրավիճակի փոփոխությունից հետո պետք է հասկանալ այդ օրենքի արձագանքը, և ըստ այդմ կորոշվեն հետագա անելիքները. «Եթե սա չի խթանելու ներգաղթին շոշափելի ծավալներով, այդ թվում՝ ՊՆ եկամուտների վրա էական ազդեցություն չի ունենալու, շատ թվով մարդիկ են դրանից օգտվում, մանավանդ մեր այսօրվա ընկալումների հետ այս օրենքն այդքան էլ չի համապատասխանում, թե ինչպիսին պետք է լինի պետություն և քաղաքացու հարաբերությունները: Այսինքն՝ սա մի միջանկյալ գործողություն է, և տարվա արդյունքներով կհասկանանք, թե ինչ պետք է անենք հետագայում: Եթե սա կդառնա իսկապես ներգաղթը խթանող կոնկրետ գործիք, իմաստ կունենա դրա մասին մտածել և շարունակել, եթե էդպես չի լինի, ես էլ համաձայն եմ, որ անընդհատ երկարացնելն իմաստ չունի»:

Բ. Տեր-Գրիգորյանը նշեց, որ այս օրենքի գործողությունն արդեն 9-րդ անգամ է երկարացվում, և ակնհայտ է, որ այլ լուծում է պետք:

Վարչապետը նշեց, որ պաշտպանության նախարարի հետ ևս քննարկել են խնդիրը, կան մի քանի գաղափարներ. «Էնպես չի, որ կա ակնհայտ լավ գաղափար, որ բոլոր հարցերի պատասխանները տալիս է, որովհետև հարցը շատ բազմակողմ է, այնպես որ, համաձայն եմ, որ պետք է մտածել ինչ-որ ամբողջական և ինստիտուցիոնալ դիրքորոշում, որը տևական կլինի և անընդհատ այսպիսի խաղի տպավորություն չթողնի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել