Operativ.am-ը գրում է.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի Արաբական 
Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բահաա Էլ Դին Բահգատ 
Դիսուկիին:

Ողջունելով դեսպանին՝ վարչապետը նշել է, որ Հայաստանը կարևորում է 
Եգիպտոսի հետ քաղաքական, տնտեսական և մշակութային փոխգործակցության 
շարունակական զարգացումը: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել երկկողմ 
քաղաքական հարաբերությունների մակարդակը և անհրաժեշտ համարել տնտեսական 
համագործակցության համապատասխանեցումը այդ նշաձողին: Մասնավորապես, 
գործադիրի ղեկավարը կարևորել է հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի 
գործունեության ակտիվացումը և գործարար կապերի սերտացման նպատակով բիզնես 
ֆորումների կազմակերպումը, ինչը կնպաստի առևտրաշրջանառության ծավալների 
ավելացմանը:

Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկին շնորհավորել է վարչապետ Փաշինյանին 
Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագիրը հաստատվելու կապակցությամբ և 
համոզմունք հայտնել, որ կառավարությունը կհասնի իր հռչակած ծրագրերի 
իրականացմանն ու հաջողությամբ կիրականացնի տնտեսական հեղափոխություն: 
Դեսպանը նշել է, որ պատվով է ստանձնում երկկողմ բարեկամական կապերն 
ամրապնդելու հանձնառությունը և այդ նպատակով կգործադրի առավելագույն 
ջանքերը: Նա շեշտել է Եգիպտոսի հայ համայնքի կարևորագույն դերը երկրի 
զարգացման գործում և ավելացրել, որ իր գործունեությամբ կնպաստի Հայաստանի 
հետ բազմակողմ կապերի ամրապնդմանը: Դեսպանը վստահեցրել է, որ ակտիվ 
գործունեությամբ նոր թափ կհաղորդի հայ-եգիտպական տնտեսական 
համագործակցությանն ու համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմանը, 
Եգիպտոսի բիզնեսի՝ Հայաստան ներգրավմանը:

Զրուցակիցները կարևորել են երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների
կազմակերպումը և քննարկել Հայաստանի և Եգիպտոսի միջև փոխգործակցության 
զարգացմանը վերաբերող հարցեր: Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ և 
բազմակողմ առևտրատնտեսական կապերի աշխուժացման, տարբեր ձևաչափերով 
շփումների ակտիվացման ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը և Բահաա Դիսուկին 
կարևորել են Եվրասիական տնտեսական միության և Եգիպտոսի միջև ազատ առևտրի 
համաձայնագրի ստորագրումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել