Իրանական Սիստան և Բելուջստան նահանգում բելուջական էթնիկական միջավայրում գործող և արտասահմանյան հակաիրանական ուժերի կողմից սնուցվող «Ջահշ ալ-Ադլ» («Արդարության բանակ») հորջորջվող ծայրահեղական սուննի խմբավորման վերջին մահապարտ ահաբեկչական հարձակումը, որը հստակորեն տեղավորվում է ահաբեկչությունների միջոցով Իրանում ներէթնիկական խժդժություններ սադրելու, այս երկիրը ներսից խարխլելու և, ի վերջո, փլուզելու ծրագրի շրջանակներում, շատ հետաքրքրական կողմնակի ցուցիչ է։

Բանն այն է, որ նշված հակաիրանական ծրագրում հիմնական շեշտը, որպես կանոն, առավելապես դրվել է պատժամիջոցների կիրարկման և դրա արդյունքում իրանական տնտեսությանը հասցվող վնասների պայմաններում հնարավորին լայն ներիրանական հասարակական ընդվզումներ հրահրելու վրա, որի հերթական անհաջող փորձը տեղի ունեցավ նախորդ տարվա ձմռանը։

Իրանում էթնիկական և դավանական հողի վրա ահաբեկչական ակտիվության խթանումն այս խորապատկերին, որքան էլ պարադոքսալ թվա, անուղղակի «դրական» ցուցիչ է, քանի որ, ըստ էության, նշանակում է, որ «սոցիալական հուզումների» սերմանման մեթոդաբանությունը փաստացիորեն կա՛մ տապալվել և սպառել է իրեն, կա՛մ դարձել է խիստ անարդյունավետ, ինչի հետևանքով կարիք կա ներդնելու այլ կամ լրացուցիչ գործիքակազմ՝ այս անգամ արդեն ներիրանական «էթնիկ-դավանական հուզումների շղթա» սադրելու նպատակով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել