Ինչու են լավ բախտի արժանանում այն մարդիկ, ովքեր անբան են, իսկ աշխատասեր ու բարի կանանց բաժին է ընկնում տառապանք: Այս հարցը բոլորին է տանջում, սակայն կյանքը ցույց է տալիս, որ միշտ այդպես է լինում: Ներկայացնում ենք մի պատմություն։

Հեռավոր մի շրջանում երեք քույրեր էին ապրում: Նրանցից ավագը ծույլ էր ու անբան, միջնեկը՝ չար ու նախանձ, իսկ երրորդը՝ խելացի, աշխատասեր ու բարի։

Մի օր առավոտյան նրանց դռան մոտ մի սայլ կանգնեց: Քույրերը դուրս եկան՝ տեսնելու, թե ով է եկողը: Սայլի վրա մի անծանոթ կին էր նստած:

- Ո՞վ ես դու, - հետաքրքրվեցին նրանք:

- Ես ճակատագիրն եմ, եկել եմ՝ ձեզ բախտ բաժանեմ:

Նրանց նստեցրեց սայլի վրա, և միասին գնացին բախտի ետևից:

Մտան առաջին գյուղ: Տեսան՝ դաշտում մի տղա է աշխատում, նա հայտնի էր որպես շնորհաշատ երտասարդ, երբ վերանորոգելու բան կար, բոլորը նրան էին դիմում, նա օր ու գիշեր աշխատում էր:

- Ահա սա քո բախտն է, - ասաց կինը՝ նայելով ավագ քրոջը:

Հետո շարունակեցին ճանապարհը և մտան երկրորդ գյուղը: Այնտեղ մի երիտասարդ էր ապրում: Նա բոլորին օգնության էր հասնում, ոչ ոքի չէր մերժում, նա բարության մարմնացում էր:

- Սա էլ քո բախտն է,- ասաց կինը՝ նայելով միջնեկ քրոջը:

Կրտսեր քրոջ հետ շարունակեցին ճանապարհն ու մտան հաջորդ գյուղը: Սայլը կանգ առավ մի տան դիմաց, որը դժվար էր տուն անվանել, այն ավերակ էր հիշեցնում։ Դռան առաջ մի հարբած երիտասարդ էր պառկած, նրա կողքին նստած էր մի չար պառավ, որն անիծում էր մարդկանց, աշխարհին:

Ահա, սա էլ քո բախտը,- ասաց կինը նրան:
- Ի՞մ,- զարմացավ աղջիկը,- ես այսքան բարի եմ, այսքան լավը, այսքան շնորհալի, և ինձ այսպիսի բախտ է բաժին հասնում, ի՞նչ է, չկա՞ ուրիշ մեկն ինձ համար:

- Ուրիշները կան,- հոգոց հանելով ասաց կինը և ավելացրեց,- բայց քո նմանը չկա, առանց քեզ նա կկորչի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել