Armenpress.am-ը գրում է.

Անցած տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 22 հազար 551 դեպք, ինչը 11.4%-ով ավելի է քան 2017թ. արձանագրված դեպքերի թիվը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշում է, որ հանցագործության դեպքերից 3755-ը կամ 16.6%-ը  նախորդ տարիներին կատարված, այդ թվում՝ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքեր են, որոնք բացահայտվել են 2018թ. ընթացքում: Հանցավորության շարժընթացի նման պատկերն ապահովվել է ինչպես դրական, այնպես էլ բացասական գործոնների ազդեցությամբ: ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է դրական և բացասական գործոնները, անդրադարձել հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ անհրաժեշտ քայլերին:

- Պարոն Դավթյան, ընդհանուր հանցավորության վիճակի և դինամիկայի տեսանկյունից ինչպիսի՞ն է եղել 2018թ. և ինչ գործոններ են ազդել քրեական այդ շարժընթացի վրա:

2018թ.  ընթացքում Հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 22551  դեպք, ինչը 2267 դեպքով կամ 11.4%-ով ավելի է քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված դեպքերի թիվը /20284/:

Հանցագործության դեպքերից 3755-ը կամ 16.6%-ը  նախորդ տարիներին կատարված, այդ թվում՝ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքեր են, որոնք բացահայտվել են 2018թ. ընթացքում և արտացոլվել են այս տարվա հանցավորության վերաբերյալ վիճակագրական տվյալներում: 2018թ. հանցագործությունների դեպքերի արձանագրված աճի հիմնական պատճառներից մեկը դա է:

Հանցավորության շարժընթացի նման պատկերն ապահովվել է ինչպես դրական, այնպես էլ բացասական գործոնների ազդեցությամբ: Որպես դրական գործոններ կարող ենք առանձնացնել հետևյալները՝

Նախ՝ արձանագրված հանցագործությունների դեպքերի աճը հիմնականում պայմանավորվել է նաև բարձր լատենտայնություն ունեցող կոռուպցիոն բնույթի այնպիսի հանցատեսակների դեպքերի աճով, ինչպիսիք են պետական և հանրային գույքի հափշտակության, կաշառք ստանալու, տալու, կաշառքի միջնորդության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու դեպքերը: Այսպես, 2018թ. ընթացքում 362 դեպքով կամ 3.8 անգամ /130-492/ աճել է պետական և հանրային գույքի հափշտակության, 298 դեպքով կամ 2.8 անգամ՝ կաշառք ստանալու, տալու, կաշառքի միջնորդության դեպքերի թիվը /163-461/, իսկ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու դեպքերն աճել են 90-ով կամ 60%-ով /150-240/:

Եվ մյուս գործոնը՝ նվազում է արձանագրվել հանրային ամենամեծ վտանգավորություն ունեցող այնպիսի հանցատեսակներով, ինչպիսիք են՝ սպանությունը. 2018-ին գրանցված սպանության դեպքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել են 14-ով կամ 28.6%-ով (49-35), /իսկ 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ 26-ով կամ 42.6%-ով (61-35), առողջությանը դիտավորությամբ վնաս պատճառելու դեպքերը՝ 90-ով կամ 8.1%-ով /1113-1023/: մարդու դեմ ուղղված հանցագործությունները նվազել են 69-ով կամ 1.4%-ով /4868-4799/:

Որպես բացասական գործոններ կարող եմ ընդգծել հետևյալները:

Նախ՝ մտահոգիչ է, որ բացասական դինամիկա է արձանագրվել անձնական գույքի հափշտակության դեպքերով՝ աճը կազմել է 1453 դեպք կամ 19.5% /7433-8886/: Մասնավորապես, 2018թ. նախորդ տարվա համեմատությամբ 56 դեպքով կամ 30.6%-ով /183-239/ աճել են հանրային մեծ վտանգավորություն ներկայացնող կողոպուտի դեպքերը, 1135-ով կամ 19%-ով՝ գողության, 549 դեպքով կամ 61.8%-ով /889-1438/ բնակարանային գողության դեպքերը:

Երկրորդ՝ վերլուծությունը վկայում է, որ հանցագործությունների թվի աճը պայմանավորված է նաև ճանապարհատրանսպորտային հանցագործությունների դեպքերի աճով: Այսպես, 2018թ. այդ բնույթի դեպքերի թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 311-ով կամ 32%-ով /972-1283/, այդ թվում 44-ով կամ 25%-ով /176-220/ աճել է մահվան ելքով դեպքերի թիվը, ինչը շատ մտահոգիչ է:

 

- Իսկ ինչպիսի՞ն է հանցավորության կառուցվածքային պատկերը՝ ըստ հանցագործությունների վտանգավորության աստիճանի:  

Պետք է փաստել, որ 2018թ. ընթացքում էականորեն աճել է միջին ծանրության և ծանր հանցագործությունների դեպքերի թիվը: Միջին ծանրության հանցագործությունների դեպքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել են 33.7%-ով /5012-5700/, իսկ ծանր հանցագործությունների դեպքերը՝ 909-ով կամ 33.3%-ով /2729-3638/: 60 դեպքով կամ 36.6%-ով /164-224/ աճել են նաև առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը: Ոչ մեծ ծանրության հանցագործությունները, որոնք կազմում են հանցագործությունների ընդհանուր զանգվածի կեսից ավելին, նվազել են 390-ով կամ մոտ 3.2%-ով:

Առանձնապես ծանր հանցագործությունների աճը հիմնականում պայմանավորվել է կոռուպցիոն բնույթի առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման աճի ցուցանիշով, ինչը դրական դինամիկա է:

Իսկ ծանր հանցագործությունների աճը հիմնականում պայմանավորվել է կոռուպցիոն բնույթի ծանր հանցագործությունների և բնակարանային գողությունների աճի ցուցանիշով: Առաջինը, անշուշտ, դրական դինամիկայի վկայություն է, երկրորդը՝ մտահոգիչ:

Միջին և ոչ մեծ ծանրության հանցագործությունների դինամիկան, ի թիվս առանձին հանցատեսակների շարժընթացի, էապես պայմանավորվել է ՀՀ դատախազության կողմից այս տարվանից ավտոմեքենաներից կատարված գողությունների դեպքերը գողության առավել վտանգավոր տեսակով որակելու պրակտիկայի փոփոխությամբ: Դրա արդյունքում նախկինում որպես ոչ մեծ ծանրության հանցագործություններ որակվող նշված դեպքերը այլևս որակվում և հաշվառվում են որպես միջին ծանրության հանցագործություններ: Այսինքն՝ այս դեպքում շարժընթացը պայմանավորված է հաշվառման գործընթացի փոփոխություններով, ինչպես նաև մասնավոր մեղադրանքի դեպքերով քաղաքացիների նախաձեռնողականության աճով:

 

- Պարոն Դավթյան, նկատելի է արձանագրվող հանցագործությունների կայուն աճ: Արդյո՞ք սա հանրապետությունում կրիմինոգեն վիճակի վատթարացման մասին չի խոսում:

Իրավիճակին չի կարելի նման գնահատական տալ, որովհետև մեր ուսումնասիրություններն ու վերլուծությունները վկայում են, որ հանցագործությունների թվի աճը առավելապես հանցագործությունների բացահայտման, հայտնաբերման, նաև հաշվառման գործընթացների բարելավման, քաղաքացիների առավել նախաձեռնողականության աճի արդյունք է: Նման հետևության հանգելու համար բավական է, օրինակ, համադրել լատենտային և ոչ լատենտային հանցագործությունների ցուցանիշները և հաշվի առնել այն փոփոխությունները, որոնք կատարվել են հանցագործությունների հաշվառման գործընթացներում: Ուշադրություն դարձրեք՝ իմ ներկայացրած վիճակագրական տվյալներից հետևում է, որ աճ է արձանագրվում, մեծի մասամբ, նախկին տարիներին կատարված, սակայն հայտնի չդարձած հանցագործությունների նոր բացահայտումների տվյալներով: Ըստ հաշվառման կարգի՝ նման հանցագործությունները հաշվառվում են բացահայտված տարվա ցուցանիշներում: Այսինքն` ամբողջ աշխարհում է ընդունված, որ եթե բացահայտվում են  լատենտայնության բարձր ցուցանիշով աչքի ընկնող հանցատեսակները, ինչպես օրինակ կոռուպցիոն բնույթի հանցագործությունները, թմրանյութերի ապօրինի շրջանառությունը, ապա երկրում կրիմինոգեն վիճակի վատթարացման մասին չի կարելի խոսել:

Բերեմ մի պարզ օրինակ, որ ավելի հասկանալի լինի: Եթե վերջին 10 տարվա կտրվածքով /2007-2017/ մեր երկրում հանցագործությունների ընդհանուր թվի 2.4 անգամ /8428-20285/ աճի պայմաններում, այդ զանգվածում հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները նվազել են 2 անգամ /106-52/, սպանությունները՝  շուրջ 30%-ով /69-49/, ավազակությունները շուրջ 40%-ով /76-46/, ըստ էության, նվազում է արձանագրվել նաև սպանության փորձի, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերով, իսկ կաշառքի վերաբերյալ բացահայտված դեպքերը, ընդհակառակը՝ աճել են 23 անգամ /7-163/, ապա հնարավոր չէ խոսել երկրում կրիմինոգեն վիճակի վատթարացման մասին:

Մյուս կողմից ցուցանիշների վրա էական ազդեցություն են ունեցել հանցագործությունների հաշվառման գործընթացի իրավական բարեփոխումները: Օրինակ մինչև 2009 թվականը որպես հանցագործություններ չեն հաշվառվել մասնավոր մեղադրանքի դեպքերը, որոնք, որպես կանոն, ոչ մեծ ծանրության հանցագործություններ են և մեծ զանգված են կազմում: Գաղտնիք չէ, որ նախկինում առկա էր ոստիկանության կողմից «վիճակագրությունը բարելավելու» մղումով դեպքեր թաքցնելու արատավոր պրակտիկան, ինչի համար պատասխանատվության են ենթարկվել ոստիկանության բազմաթիվ աշխատակիցներ: Նման դրսևորումները անհամեմատ նվազել են: Բացի այդ, շարունակական բարելավման են ենթարկվել քրեական հետապնդման մարմինների՝ հանցագործությունների բացահայտման, հայտնաբերման գործառույթների իրականացման մասնագիտական, տեխնիկական հնարավորությունները, կատարելագործվել են պրոֆիլակտիկ միջոցները և, ամենակարևորը, հատկապես լատենտային հանցագործությունների դեպքում զգալիորեն աճել է քաղաքացիների նախաձեռնողականությունը, իրավապահ մարմինների հետ համագործակցության մակարդակը:

Այդուհանդերձ, ընդհանուր տենդենցներին զուգահեռ հանցագործությունների առանձին տեսակներ ունեն իրենց շարժընթացի առանձնահատուկ պատճառներն ու պայմանները, որոնք յուրաքանչյուր ժամանակային կտրվածքով վերլուծության, դրանով պայմանավորված հակազդեցության քայլերի անհրաժեշտություն ունեն:

 

- Հանցավորության դեմ պայքարում, այդուհանդերձ, Ձեր կարծիքով կա՞ն խնդիրներ: Ո՞ր ուղղություններով եք իրավապահ մարմինների արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտություն տեսնում:

Ամենօրյա աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելը հրամայական է: Որպես օրակարգային խնդիր, ինձ համար տեսանելի է համակողմանի միջոցառումների ակտիվացման անհրաժեշտություն՝ երկու ուղղություններով:

Առաջինը հանցավոր ոտնձգություններից մեր քաղաքացիների գույքային իրավունքների պաշտպանությունն է: Այս ուղղությամբ ՀՀ դատախազության կողմից որդեգրվել և իրացվում է քրեաիրավական միջոցների խստացման քաղաքականություն: Այս ոլորտում մեծ նշանակություն ունեն կանխարգելիչ միջոցները, որոնք հատկապես ոստիկանության կողմից մշտապես ակտիվացման կարիք ունեն: Հատկապես բնակարանային գողությունների դեմ տարվող պայքարի արդյունավետությունը բարձրացնելու, կանխարգելելու նպատակով ՀՀ դատախազության կողմից նախորդ տարի մշակվել են այդպիսի միջոցառումներ՝ նաև տեղական ինքնակառավարման մարմինների ջանքերի համադրմամբ: Ինչպես հավանաբար գիտեք, քաղաքացիների գույքի պաշտպանությունը, հատկապես բնակարանային գողությունների դեմ պայքարը մեր այս տարվա առաջնահերթություններից է: Այդ մասին ես նշել եմ դատախազության ստորաբաժանումների 2018թ. գործունեության ամփոփմանն ուղղված բոլոր խորհրդակցությունների ժամանակ և, վստահեցնում եմ, այս ուղղությամբ արվելիք աշխատանքները լինելու են իմ ամենօրյա ուշադրության կենտրոնում:

Երկրորդը ճանապարհատրանսպորտային հանցագործությունների կանխարգելման գործընթացի բարելավման անհրաժեշտությունն է: Այս հանցագործությունների շարունակական աճը, ինչ խոսք, պայմանավորված է նաև հանրապետությունում ավտոպարկի ծավալների պրոգրեսիվ աճով: Սակայն ՀՀ կառավարության կողմից նախաձեռնած ճանապարհային երթևեկության կանոնների խախտման պատասխանատվության եղանակների բարեփոխումների փաթեթը, վարորդական իրավունքի տրամադրման գործընթացում ակնկալվող բարելավումները, ինչպես նաև ճանապարհային կահավորման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի ձեռնարկումը կարող է էական նշանակություն ունենալ այս հանցագործությունների նվազման համար:

Բացի վերոնշյալները, կցանկանայի առանձնացնել ևս մեկ խնդիր: Նկատի ունենալով համաներման հետևանքով հանրապետությունում հանցագործության դեպքերի հնարավոր աճի հետ կապված ռիսկերը և դրանց նախականխման և կանխման աշխատանքներն ակտիվացնելու անհրաժեշտությունը՝ ՀՀ ոստիկանությանը հանձնարարվել է ուժեղացված հսկողություն իրականացնել համաներմամբ պատժի հետագա կրումից ազատված, ինչպես նաև նախաքննության և դատաքննության ընթացքում քրեական հետապնդումը դադարեցված այն անձանց հետագա վարքագծի նկատմամբ, որոնք մեղադրվել են դիտավորությամբ կատարված հանրորեն առավել վտանգավոր արարքների համար և որոնց ազատության մեջ գտնվելու ընթացքում դրսևորած վարքագիծը նախկինում աչքի է ընկել քրեածին բարձր ռիսկայնությամբ:

Այս ուղղությամբ ՀՀ գլխավոր դատախազությունում կատարվել է ուսումնասիրություն: Դրա արդյունքներով կազմվել և ոստիկանություն է ուղարկվել արդեն իսկ պատժի կրումից ազատված, վերը նշված ռիսկերը պարունակող անձանց ցանկ՝ նրանց մշտական օպերատիվ տեսադաշտում պահելու, այդ անձանց մոտ հանցանք կատարելու նախահակվածությունը նվազագույնի հասցնելուն ուղղված համապատասխան աշխատանքներ իրականացնելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել