Ազգային ժողովն ընդունեց կառավարության ծրագրի նախագիծը: Նախագծին դեմ քվեարկեցին ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները:

Կառավարության ծրագիրն ընդունվեց 82 կողմ, 37 դեմ ձայնով:

Նշենք, որ կառավարության ծրագիրն ԱԺ-ն քննարկեց երեք օր:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ ՀՀ կառավարության ծրագրով ազդարարում են տնտեսական հեղափոխության մեկնարկի մասին: Ըստ ծրագրի՝ առաջիկա հինգ տարիներին ՀՀ կառավարության գործունեությունը միտված է լինելու Հայաստանի Հանրապետությունում բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, ինչպես նաև բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող, արտահանմանը միտված մրցունակ և ներառական տնտեսություն կառուցելուն: Այդ նպատակին հասնելու համար առանցքային նշանակություն ունեն, մասնավորապես, Հայաստանի արտաքին և ներքին անվտանգության ապահովումը, Արցախի անվտանգության երաշխավորումը և շարունակական ամրապնդումը, Հայաստանի Հանրապետության զարգացման նպատակի շուրջ համախմբումը, կառավարության հաշվետվողականությունն ու թափանցիկությունը, կոռուպցիայի հանրային մերժումը և կոռուպցիայից զերծ հանրությունը, քաղաքականության և բիզնեսի գործնական տարանջատումը, տնտեսական գործունեության համընդհանուր հասանելիությունը, ներդրումային միջավայրի գրավչությունը, աշխատանքի և ներդրումների քաջալերումը, կրթության և առողջ ապրելակերպի քաջալերումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել