ԱԺ-ն այսօր առաջին նստաշրջանի հերթական նիստը սկսել է ծրագրի վերաբերյալ խմբակցությունների անունից ելույթներով: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթից հետո կառավարության ծրագիրը կդրվի քվեարկության: 

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ  ՀՀ կառավարության ծրագրով ազդարարում են տնտեսական հեղափոխության մեկնարկի մասին:  

ԱԺ նիստի օրակարգում է նաև  «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերը, ինչը ենթադրում է, որ 17 նախարարությունների փոխարեն կլինեն 12-ը: Ըստ գործադիրի՝ պետական կառավարման համակարգի մարմինների թիվը կրճատվում է պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման նպատակով:

Կառավարության նոր կառուցվածքով կվերացվի առաջին փոխվարչապետի ինստիտուտը: Բացի այդ՝ նախատեսվում է Մշակույթի, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունները միացնել Կրթության և գիտության նախարարությանը: Այն կվերանվանվի Կրթության, գիտության և մշակույթի նախարարություն: Գյուղատնտեսության նախարարությունը կմիացվի Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը, որը կվերանվանվի Էկոնոմիկայի նախարարություն:

Առաջարկվում է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը միացնել տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը ՝ այն անվանելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն: Այս նախարարությանը կփոխանցվի նաև Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից իրականացվող տրանսպորտի (այդ թվում՝ ճանապարհների) ոլորտին առնչվող բոլոր լիազորությունները և գործառույթները:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը կվերանվանվի բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն:

Սփյուռքի նախարարությունը կմիավորվի վարչապետի աշխատակազմին և կստեղծվի սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի ինստիտուտը, որը կհամակարգի սփյուռքի հարցերին առնչվող ծրագրերը՝ ունենալով գրասենյակ նշված աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել