Yerkir.am-ը գրում է.

Երևանի կողմից պաշտպանական համակարգի հետ առնչվող, այդուհանդերձ, մարդասիրական առաքելություն իրականացնող մասնագիտական խմբի գործուղումը Սիրիա պետք է դիտարկել Հայաստանի արտաքին բազմավեկտոր քաղաքականության շրջանակներում. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Բեյրութում լույս տեսնող  «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը` պատասխանելով հարցին, թե ռազմաքաղաքական ի՞նչ խնդիրներ է իր առջեւ դնում ՀՀ ղեկավարությունը` Սիրիա հայկական զորախումբ ուղարկելով:

«Սա Երեւան-Դամասկոս միջպետական պայմանավորվածության ձեւաչափի ճշտված ընթացակարգ է, որը, իհարկե, անցել է նաեւ իրավակարգային անհրաժեշտ հանգրվանները։ Կարծում եմ` առաքելությունը ընդհանուր խաղաղապահ առաքելությունների համատեքստում դիտարկելիս աննկատ չի կարելի թողել այն, որ ՀՀ-ն նման առաքելություններում ակտիվորեն ներգրավվում է. տարբեր ձեւաչափերով եւ առաքելության տարբեր բնույթներով ու տեսքերով ներկա է միջինարեւելյան տարածաշրջանում։ Նկատի ունեմ Իրաքում, Լիբանանում եւ այժմ Սիրիայում իրականացվող հայաստանյան առաքելությունները։ Եվ սա կարեւոր ռազմավարական հանգամանք է։ Այդ առումով խմբի ուղարկումը զուտ Երեւան-Մոսկվա հարաբերությունների յուրահատկությունների հանգամանքներով դիտարկելը ճիշտ չեմ համարում»,- ասաց նա։

Գանտահարյանը հայտնեց, որ սիրիահայ համայնքի պաշտոնական խոսնակները ողջունել են հումանիտար խմբի ուղարկումը, ընդգծել, որ սա որպես զուտ ներհայկական պարունակում ընկալելը ճիշտ չի լինի, եւ վերահաստատել են, որ մարդասիրական օժանդակությունը Սիրիայի պետությանն ու ժողովրդին է ուղղված։

«Կարծում եմ, որ շատ կարեւոր հանգամանք չպիտի անտեսել. նման բարդ իրավիճակներում եւ ճգնաժամերում հայտնված տարածքներ հայկական խմբերի ուղարկման մասին, ինչպիսին էլ լինի դրանց բնույթը, մեկնաբանություններն ու վերլուծությունները պետք է բացառապես հիմնել նախ` պաշտպանական համակարգի կամ արտգործնախարարության պաշտոնական լրահոսի հաղորդած տվյալների եւ նման պարագաներում նաեւ համայնքի պաշտոնական ներկայացուցիչների հայտարարությունների վրա։ Չափազանց կարեւոր է, որ մեր տեղեկատվական քաղաքականությունը նման դեպքերում նկատի ունենա թե պետության եւ թե համայնքի շահերն ու անվտանգության խնդիրները»,- ասաց «Ազդակ»-ի գլխավոր խմբագիրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել