Azatutyun.am-ը գրում է.

Լինելով նորանկախ պետություն՝ Հայաստանը ամենադժվարին տարիներին էլ, ներկայումս էլ, շարունակում է կարևորել գիտության զարգացումը, շարունակում է իր տեղն ունենալ առաջատար երկրների թվում: Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ չորեքշաբթի օրը ելույթ ունենալով Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի հանձնման արարողությանը:

«Այս ամենի հետ մեկտեղ մենք հասկանում ենք, որ դեռևս շատ անելիքներ կան մեր երկրում գիտնականի արդյունավետ աշխատանքն ու արժանավայել կյանքն ապահովելու ուղղությամբ, գիտական հիմնարկները ժամանակակից սարքավորումներով հագեցնելու, երիտասարդ կադրերի ներհոսքն ապահովելու, ընդհանրապես գիտության զարգացման ուղղությամբ: Որպես երկրի ղեկավար, պիտի փորձեմ բոլոր ջանքերս ներդնել գիտության և գիտության մշակների նկատմամբ հարգանքն ու գնահատանքը բարձրացնելու համար: Որպես օրինակ կարելի է նշել, որ մրցանակի նկատմամբ վստահությունն ավելացնելու նպատակով այս տարվանից ՀՀ կառավարության որոշմամբ մրցանակի բոլոր ծախսերը ներառվել են ՀՀ պետական բյուջեի մեջ», - Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Գիտությունների ազգային ակադեմիայում կայացած հանդիսության ժամանակ ասել է Փաշինյանը:

«Վերջերս ռուսական մի մամուլում կարդացի այսպիսի մի հրապարակում, որը Վիկտոր Համբարձումյանի անվան մրցանակն անվանել էր աստղաֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակ: Կարծում եմ, որ սա շատ կարևոր և դիպուկ բնորոշում է: Վիկտոր Համբարձումյանն իսկական գիտության նվիրյալ էր: Նրա հանճարին գումարվում էր նրա անսպառ աշխատասիրությունը, և այդ երկուսի ներդաշնակ համակցության շնորհիվ էր, որ նրա կողմից ստեղծած Բյուրականի աստղադիտարանի փառքը կարճ ժամանակում տարածվեց ողջ աշխարհում, իսկ Հայաստանում կտրուկ վերելք ապրեցին աստղաֆիզիկան և ճշգրիտ գիտություններն ընդհանրապես», - նշել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը Վիկտոր Համբարձումյանի անվան մրցանակը հանձնել է Ամստերդամի համալսարանի Անտոն Պանեկուկի անվան աստղագիտության ինստիտուտի պրոֆեսոր Էդվարդ Վան Դեն Հոյվելին, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի աստղագիտության ինստիտուտի պրոֆեսոր Ալեքսանդր Տուտուկովին և ՌԴ ԳԱ աստղագիտության ինստիտուտի պրոֆեսոր Լև Յունգելսոնին: Մրցանակը շնորհվել են «Զանգվածեղ կրկնակի աստղերի, հատկապես ռելատիվիստական կրկնակիների և գրավիտացիոն ալիքների աղբյուրների ձևավորման ոլորտում առաջնային ուսումնասիրությունների համար» ուսումնասիրության համար:

«Ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակն աստղագիտության և աստղաֆիզիկայի և հարակից գիտությունների կարևոր մրցանակներից է: Այն շնորհվում է որևէ երկրի և ազգության ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ոլորտում նշանակալից ներդրում ունեցող ականավոր գիտնականներին: Մրցանակը շնորհվում է 2010թ. ի վեր՝ յուրաքանչյուր 2 տարին մեկ անգամ. 2010-2016թթ. ՀՀ կառավարության կողմից այն սահմանվել է 500 հազար ԱՄՆ դոլար, 2018թ. սկսած՝ 300 հազար ԱՄՆ դոլար: Մրցանակի համար շնորհվում են մրցանակի դափնեկրի դիպլոմ, պատվոնշան՝ այն հավաստող հավաստագրով, 200 հազար ԱՄՆ դոլարի չափով դրամական պարգև և 100 հազար ԱՄՆ դոլարի չափով դրամական միջոցներ, որոնք մրցանակը ստանալուն հաջորդող 2 տարում օգտագործվում են Հայաստանում աստղաֆիզիկայի, ֆիզիկայի և մաթեմատիկայի բնագավառների հետագա զարգացման համար», - ասված է հաղորդագրությունում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել