Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հարկային վարչարարության հարցերով տեխնիկական աջակցության առաքելության ղեկավար Վինսենթ Կոուկպայզենի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են ԱՄՀ առաքելության նպատակների, ՊԵԿ ընթացիկ խնդիրների, բիզնես գործընթացների և ակնկալվող արդյունքների հետ կապված հարցեր: Մասնավորապես՝ քննարկվել են կոմիտեի կողմից մշակվող հարկային վարչարարության ռազմավարության ծրագիրը և հարկային օրենսդրության բարեփոխումները: Անդրադարձ է եղել հարկային ստվերի գնահատման և բացահայտման առցանց համակարգի ներդրման գործընթացին, հարկային ստուգումների իրականացման համար ռիսկային նոր չափանիշների սահմանմանը և կատարելագործման անհրաժեշտությանը՝ կարևորելով միջազգային առաջավոր փորձը նշված ոլորտներում:  

Ընդունելության ընթացքում ամփոփվել են ԱՄՀ առաքելության և ՊԵԿ նախագահի տեղակալներ Ռաֆիկ Մաշադյանի, Միքայել Փաշայանի, Արթուր Մանուկյանի, ինչպես նաև կոմիտեի ստորաբաժանումների ղեկավարների հետ աշխատանքային հանդիպումների արդյունքները: ԱՄՀ առաքելությունը պատրաստակամություն է հայտնել տեխնիկական աջակցություն ցուցաբերել ՊԵԿ-ին՝ հարկային վարչարարության արդիականացման ուղղությամբ ընթացող աշխատանքների արդյունավետ իրականացման գործում՝ ակնկալելով դրական արդյունքներ: Կողմերը գոհունակություն են հայտնել ՊԵԿ-ԱՄՀ համագործակցության ընթացքից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել