168.am-ը գրում է. 

Կերչի նեղուցի իրադրության կապակցությամբ Եվրամիության հակառուսական պատժամիջոցներն ընդունվում են Վաշինգտոնի հզորագույն ճնշմամբ: Այդ մասին փետրվարի 13-ին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով Ռուսաստանի նկատմամբ ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի հնարավոր նոր պատժամիջոցների վերաբերյալ հաղորդագրությունները:

«Ես դա դիտարկում եմ որպես այն բանի դրսեւորում, որ եվրոպացիները հերթական անգամ ընդունում են իրենց լիակատար անկարողությունը՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին ստիպելու կատարել Մինսկի պայմանավորվածությունները: Քանի որ նրանք արդեն իրենց կլիենտներին ղեկավարել չեն կարողանում, ապա պետք է ինչ-որ բան անեն եւ դիմում են պատժամիջոցների հերթական փաթեթին»,- ուշադրություն է դարձրել Լավրովը:

«Մենք գիտենք, որ այդ պատժամիջոցներն ընդունվում են ԱՄՆ-ի հզորագույն ճնշմամբ, ինչն ավելորդ անգամ խոսում է այն մասին, որ Եվրամիությունն ինքնուրույն չէ»,-ընդգծել է ռուսական դիվանագիտական գերատեսչության ղեկավարը: Sky News հեռուստաալիքը, վկայակոչելով իր աղբյուրներին, փետրվարի 12-ին հայտնել է, որ Բրյուսելը եւ Վաշինգտոնը Մոսկվայի նկատմամբ նոր պատժամիջոցներ են պատրաստում ի պատասխան Ռուսաստանի կողմից անցյալ տարվա նոյեմբերին Կերչի նեղուցում ուկրաինացի նավաստիների ձերբակալման:

Միեւնույն ժամանակ բրիտանական Financial Times թերթը գրում է, որ պատժամիջոցները քննարկվելու են արդեն Եվրամիության արտաքին գործերի նախարարների փետրվարի 18-ին հանդիպմանը, եւ գործի են դրվելու երկու ամսվա ընթացքում՝ մինչեւ մարտի վերջը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել