Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունների՝ Արցախի հակամարտության շուրջ բանակցային գործընթացի վերաբերյալ ներկայի մոտեցումը Բաքվի համար անընդունելի է: 

Ինչպես գրում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը, Ադրբեջանի ղեկավարը նաև շեշտել է, որ հարցի՝ ուժի միջոցով լուծման տարբերակը միշտ էլ օրակարգային է իրենց համար:

«Ինչպես հայտնի է, Հայաստանի նոր իշխանությունները սկզբնական փուլում հանդես էին գալիս այնպիսի հակասական հայտարարություններով, թե Ադրբեջանը պետք է բանակցություններ վարի ոչ թե Հայաստանի, այլ Լեռնային Ղարաբաղի հետ: Մենք, իհարկե, միանգամից մերժեցինք այդ հակասական ու անհասկանալի հայտարարությունները: Միջնորդ երկրները, իհարկե, նույնպես չէին կարող համաձայնվել նման դիրքորոշման հետ»,- ասել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահը դրական է գնահատել երկու երկրների արտգործնախարարների մակարդակով վարվող բանակցությունները՝ նշելով, որ իրենք հույս ունեն, որ դրանք կլինեն արդյունավետ:

«Մյուս կողմից՝ ես միշտ ասել եմ, որ այսօր աշխարհում առաջին պլանում է ուժի գործոնը: Տեսեք, աշխարհի տարբեր անկյուններում կոպտորեն խախտվում է միջազգային իրավունքը: Եթե նախկինում դա փորձում էին որոշակի ձևով թաքցնել, ապա այսօր դրա կարիքն էլ չեն տեսնում: Այսօր աշխարհում թագավորում է «Ով ուժեղ է, նա էլ ճիշտ է»: Դա է նոր իրականությունը: Մենք պետք է պատրաստ լինենք դրան: Աշխարհը փոխվում է, և մենք պետք է պատրաստ լինենք այդ փոփոխությանը,- ասել է Ալիևը՝ հավելելով, որ բարեբախտաբար, իրենք արդեն երկար տարիներ ամրապնդում ենք մեր տնտեսական ու ռազմական հզորությունը:- Մենք, կարծես, պատրաստել ենք մեզ այսօրվա իրավիճակի համար ու հիմա պատրաստ ենք դրան, այդ իսկ պատճառով ուժային գործոնը միշտ եղել է ու օրակարգային կմնա»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել