Արդեն որերրորդ դեպքն է, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմակիցներն, իրենց անձնական կարծիքները հրապարակային արտահայտելով, բավական ծանր վիճակի մեջ են դնում իրենց իշխանության բերած մարդուն։
Այս անգամ սկանդալի մեջ է հայտնվել ՀՀ վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանը, ով իր ֆեյսբուքյան էջում մի լավ պատեպատ էր տվել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին։ Այս պարագայում երկրորդական է այն հանգամանքը, որ, լինելով վարչապետի խորհրդական, տիկին Ղազարյանը չի հասկացել, որ նույն Տեր-Պետրոսյանի կադրերը բավական բարձր դիրքեր են զբաղեցնում Փաշինյանի կողքին, և պատահական չէ, որ նրանցից մեկը՝ ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանն օպերատիվորեն մեղադրել է Սրբուհի Ղազարյանին ինքնագործնեության մեջ, այսինքն՝ հայտարարել է, որ ինչ որ ասել է վարչապետի խորհրդականը, դա իր սեփական կարծիքն է։ Հենց սա է վտանգավորը։ Իշխանության մեջ գտնվող անձն իրավունք չունի սեփական կարծիք արտահայտելու, որը չի համապատասխանում իշխանությունների դիրքորոշման հետ և որը կարող է սկանդալ առաջացնել։

9 ամիսը բավական ժամանակ էր, որ Փաշինյանի շրջապատը հասկանար, որ իշխանությունում լինելը թիմային աշխատանք է, որտեղ անձնական կարծիքները պետք է ստորադասվեն և առաջնայինը բոլորի համար պետք է դառնա իշխանությունների կողմից ընդունված «միակարծությունը»։ Եթե ոչ, ապա ստացվում է աջաբսանդալ, որը կարող է իշխանությունների համար խնդիրներ ստեղծել թե՛ ներքին, որի օրինակները բազմաթիվ են, թե՛ արտաքին հարաբերություններում։ Օրինակ՝ հարևան Իրանում բավական ըմբռնումով մոտեցան Փաշինյանի թիմակից երեսփոխանի հակաիրանական ելույթին և չնկատեցին այն։ Այսինքն՝ այս անգամ չնկատեցին։

Լավ կլինի, որ այսուհետ ՀՀ վարչապետի թիմակիցները մեկ կանոնով շարժվեն, որն ընդունելի է իրենց լիդերի՝ Նիկոլ Փաշինյանի և նրա ղեկավարած քաղաքական ուժի կողմից, այլապես ստացվում է, որ Փաշինյանի «աջ ձեռքը» չգիտի՝ ինչ է անում «ձախը»։ Սա շատ անլուրջ է և վտանգավոր։

ՀԳ. Իսկ սեփական կարծիք արտահայտելու համար, որը հակասում է պաշտոնականին, կա մեկ ելք՝ հրաժարական տալ և ազատ գրել ու հայտարարել այն, ինչ մտածում ես։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել