168.am-ը գրում է.

Դեռևս 2018թ. նոյեմբերին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության՝ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից, քանի որ մարտի 1-ի դեպքերի հետ կապված՝ ՀՔԾ նրան մեղադրանք էր առաջադրել՝ սահմանադրական կարգի տապալման համար։ Պաշտոնը թողնելուց հետո Յուրի Խաչատուրովն օրեր անց վերադարձել էր Հայաստան, որի նկատմամբ դատարանը կիրառել է այլընտրանքային խափանման միջոց և 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրությունը պետք է կայանար դեկտեմբերի 6-ին, սակայն այն հայկական կողմի խնդրանքով հետաձգվել էր, քանի որ Հայաստանում դեկտեմբերի 9-ին տեղի էր ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի խոսքով՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցում Հայաստանը տանուլ է տվել, և այլևս հնարավոր չէ այն ինչ-որ կերպ կարգավորել։

«Քարտուղարի նշանակման հարցը պետք է կայացվի կոնսենսուսով։ Կարող է հարցի լուծումն այնքան ձգձգվել, որ չհաստատվի նույնիսկ Բելառուսի ներկայացուցչի թեկնածությունը, այլ շարունակվի այնպես, ինչպես կա, այսինքն՝ կլինի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար, որը կվարի ամբողջ գործը։ Սա Հայաստանի ամենամեծ տապալումներից մեկն էր, որի մասին մի քանի անգամ զգուշացրել էինք։ Ասել էինք, որ՝ իրավունք չունեք պատասխանատվության կանչել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին, սկզբում պետք է հետ կանչեին, որից հետո միայն հարուցեին քրեական գործ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արամ Սարգսյանը։

Նրա բնորոշմամբ՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նկատմամբ քրեական գործ հարուցելը Հայաստանի նկատմամբ առաջացրել է անվստահություն և կառույցի վերնախավում առաջ բերել նյարդային վիճակ, ինչն էլ արտահայտվել է ՀԱՊԿ անդամ երկրների գործողություններով։

«Այսինքն՝ նրանք հստակ ասացին, եթե քարտուղարի հարցում հաշվի չենք նստում իրենց կարծիքի հետ, ապա ստիպված են հայտնել իրենց անվստահությունը։ Եթե պետք է Հայաստանի ներկայացուցիչը կրկին լիներ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, ապա դրա բոլոր հնարավորությունները կար նոյեմբերին կամ դեկտեմբերին, եթե չեն արել, նշանակում է՝ Հայաստանի ներկայացուցիչն այլևս չի լինի»,- ընդգծեց Արամ Սարգսյանը։

Նշենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուն Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել