Armenpress.am-ը գրում է.

Հայաստանում նախարարությունների օպտիմալացման նպատակը կառավարության ֆունկցիոնալ արդյունավետության բարձրացումն է, այլ ոչ թե գումարային տնտեսումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին Ազգային ժողովում կառավարության ծրագրի ներկայացմանը վստահեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանի հարցին:

 Իվետա Տոնոյանը նկատեց, որ կառավարության ծրագրում նշված է մինչև 2023թ. աղքատությունը նվազեցնելու մասին կառավարության բարի ցանկությունները, սակայն մի շարք նախարարություններում օպտիմալացման արդյունքում գործազրկություններ են լինելու: «Չեք կարծում , որ կառավարության ծրագրում գործազրկության դեմ պայքարի թեզը հակասում է գործնական քայլերին»,-հետաքրքրվեց Տոնոյանը:

«Մեր նախնական գնահատականով առաջին փուլում 150-200 մարդ կկրճատվի: Հնարավոր է նույնիսկ ավելի քիչ, գուցե և 100-ի սահմաններում լինի: Եվ նրանք կլինեն բարձր որակավորում ունեցող մասնագետներ: Մեր այս փուլի հիմնական նպատակը գումարային տնտեսումը չէ: Մեր նպատակը կառավարության ֆունկցիոնալ արդյունավետությունը բարձրացնելն է: Սակայն այդ համակարգում որքան գումար խնայվի, չի վերցվի համակարգից, կմնա համակարգի մեջ՝ դրա պրոֆեսիոնալ կարողությունները բարձրացնելու նպատակով»,-ասաց Փաշինյանը:  

Նա նշեց, որ գործազրկության խնդիրը լուծելու նպատակով կստեղծեն հարթակներ, որտեղ մարդիկ աշխատանքի շուկային համապատասխան մասնագիտական որոշակի վերապատրաստում անցնելու և աշխատանքի տեղավորվելու հնարավորություններ կունենան` ըստ շուկայում առկա առաջարկի: «Մշտապես ասվում է, որ այս պահին էլ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանում երեքից չորս հազար թափուր աշխատատեղ կա: Պետք է հասկանանք, թե գործազրկությունն ու աշխատանքի առաջարկն ինչ հարաբերություններ ունեն իրար հետ: Այսինքն՝ մենք գործազրկության խնդիրը դիտարկելիս պետք է  դիտարկենք, թե ՀՀ-ում որքան թափուր աշխատատեղ կա, և մենք որպես կառավարություն ինչ պետք է անենք»,-նշեց վարչապետը:

Վարչապետը նշեց, որ կրճատումները կլինեն այնպիսի պաշտոններում, որոնք ենթադրում են մասնագիտական բարձր կարողություններ: Օրինակ` միավորված նախարարությունները չեն կարող ունենալ իրավաբանական երկու վարչություններ: «Ենթադրվում է, որ իրավաբանն էլ, հաշվապահն էլ բարձր որակավորում ունեցող մարդ են: Եվ հետևաբար, բարձր որակավորում ունեցող մարդը, օրինակ` հաշվապահն այսօր Հայաստանի շուկայում ամենապահանջված մասնագիտություններից մեկն է: Ուրեմն այդ մարդիկ պետք է գործազրկության խնդիր չունենան, արագ աշխատանք գտնեն»,-նշեց Փաշինյանը:

Նա ասաց, որ մյուսներն այս փուլում աշխատանքից չեն ազատվի, և վերապատրասման արդյունքում կփորձեն նրանց համար գտնել աշխատատեղ այսօր եղած դաշտում:

«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի համաձայն՝ նոր կառավարությունը կազմված է լինելու վարչապետից, երկու փոխվարչապետից եւ նախարարներից: Կրճատվում է առաջին փոխվարչապետի պաշտոնը: Նախագծով նախատեսվում է ունենալ 12 նախարարություններ: Օպտիմալացվելու են ՀՀ սփյուռքի, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի, գյուղատնտեսության նախարարությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել