Նորաձևությունը փոխվում է, և այն, ինչ կրում էիք դեռ երեկ՝ համարելով սեզոնի վերջին հիթ, մեկ տարի անց հայտնվում է դիզայներների և ոճաբանների սև ցուցակում: Բայց արդյոք պատրա՞ստ եք հրաժարվել այն հակաթրենդներից, որոնք այլևս նորաձև չեն: BlogNews.am-ի հետ զրույցում դիզայներ Արփինե Կոշտոյանը նշել է այն հակաթրենդները, որոնք պետք է լինեն ձեր սև ցուցակում:  

«Մենք հաճախ նորաձևության գերի ենք դառնում, բայց տվայլ հագուստը կարող է մի օր նորաձև լինել, մյուս օրը՝ ոչ կամ էլ հաջորդ սեզոնին համարվում է հակաթրենդ: Նորաձևության համաշխարհային տենդեցները շուտ են փոխվում, մենք հետևում ենք նորաձևությանը, բայց երբեմն չենք հասկանում, որ այն արդեն հակաթրենդ է համարվում»:  

Կարճ, կիպ զգեստները

Օրինակ՝ մեր խանութում գրեթե չկան նեղ, մարմինը գրկող զգեստներ, բայց լինում են պատվերներ, երբ աղջիկներն ասում են․ «Ինչպես թե նեղ չհագնել, պետք է ընդգծի կառուցվածքս»: Որքան էլ գեղեցիկ մարմին ունենաս և ցանկանաս ընդգծել, հիմա նորաձև են ավելի լայն զգեստները, որոնք շատ գեղեցիկ են, երբ համադրում ես կրունկներով և սպորտային կոշիկների հետ:  

Ուգիները

Որքան էլ ուգիները հակաթրենդ են համարվում, դուրս չեն գալիս շատերի զգեստապահարանից: Շատերը հարմարավետության պատճառով դեռ չեն հրաժարվում դրանցից: Կան մարդիկ, ովքեր բավականին լավ են խնամում իրենց ուգիները և երբեմն ճիշտ համադրում թե՛ տեղի և թե՛ հագուստի հետ, բայց սարսափելի է, երբ դրանք տեսնում ես մաշված, թափթփված տեսքով: Իհարկե, այսպես ասած թափթփված ոճը բավականին նորաձև է, բայց պետք է իմանալ ինչպես այն մատուցել:

Կաշվից գոտիներ

Մինչև հիմա մարդիկ կաշվից գոտիներ են պատվիրում՝ մտածելով, որ դրանք դեռևս նորաձև են։ Համաշխարհային գրեթե բոլոր պոդյումներն օգտագործեցին կաշվից լայն գոտիներ, կորսետներ, տարբեր ձևերով դրանք խաղարկեցին: Հիմա այդ գոտիները ցանկալի չէ կրել, կարծում եմ՝ առանց դրանց ավելի գեղեցիկ են: Կարելի է փոխարինել, օրինակ, ինչ-որ շատ բարակ, մինիմալիստական գոտիով:

Ցանցային զուգագուլպաներ

Հակաթրենդներից մեկն էլ նորաձևություն մտած հայտնի Fishnet ցանցային զուգագուլպաներն են: Հայ աղջիկները դրանք հագնում են ջինսից տաբատների տակից, ինչն, առհասարակ, անընդունելի է: Ես համարում եմ, որ այս թրենդը մեր երկրի համար չէ, որովհետև մեր երկրում ֆրանսիական կազմվածով աղջիկներ չկան: Նկատել եմ թմբլիկ աղջիկների հագին, և այնքան տգեղ էր, մանավանդ երբ ցանցը դուրս էր գալիս որովայնի հատվածից, ինչն այնքան էլ գեղեցիկ չէր նայվում:

Ուսապարկ

Ուսապարկերն այլևս ակտուալ չեն, չնայած շատ հարմարավետ են: Ես, օրինակ, չեմ կարող հրաժարվել, բայց իսկապես դրանք այլևս թրենդային չեն: Համաշխարհային պոդյումներն այլևս դա չեն թելադրում, մենք Հայաստանում ամեն ինչ այլ ձև ենք ընկալում: Օրինակ՝ հիմա նորաձևության պիկում է վագրային պրինտը, որը մեր երկրում շատ լուրջ խնդիր կարող է դառնալ, որովհետև դրա հետ համադրությունը պետք է շատ զգույշ և ճիշտ անել:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել