168.am-ը գրում է.

Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանում ստվերը գնահատում է մոտ 40%. Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, թե պատճառը ոլորտներն են, որոնց ստվերային գոյությունը չի էլ նկատվում: 

«Որ Հայաստանում ահռելի ստվեր կա, այդ մասին, կարծում եմ, նույնիսկ կարիք չկա խոսելու: Արժույթի միջազգային կազմակերպությունը Հայաստանում ստվերը գնահատում է մոտ 40%, դա երևի շատ մոտ է իրականությանը: Այսօր Հայաստանում ոլորտներ կան, որոնք բոլորիս աչքի առաջ գործում են, և մենք չենք նկատում, որ այդ ստվերային ոլորտները գոյություն ունեն: Հայաստանում կա կաբելային հեռուստատեսություն հասկացություն, որ մարդիկ կաբելով հեռուստատեսային փաթեթները տներ են հասցնում, ու ամեն ամիս գալիս, 5 հազար դրամ վերցնում: Սրանք տասնյակ միլիարդներով դրամներ են, և ես ՊԵԿ-ին հանձնարարել եմ շատ արագ բացահայտել այդ համակարգը. կամ պետք է գնա հարկային դաշտ, կամ չգործի ընդհանրապես»,- ասաց Փաշինյանը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ այս խնդրի լուծումը կնպաստի նաև այնպիսի խնդիրների լուծմանն, ինչպիսին թոշակների բարձրացումն է:

«Հայաստանում թոշակը 1000 դրամ բարձրացնելու համար անհրաժեշտ է 6 մլրդ դրամ, հետևաբա՝ր 5000 դրամով բարձրացնելու համար անհրաժեշտ է 30 մլրդ դրամ: Մենք պետք է մի կողմից ստվերային տնտեսության դեմ պայքարենք, մյուս կողմից տնտեսական որոշակի աճ ապահովենք, որպեսզի այդ խնդիրը կարողանանք լուծել»,- նշեց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել