Panorama.am-ը գրում է.

«Կյանքը մի անգամ է տրվում, պետք է կենտրոնում լինել, կյանքը վայելել, դա է մնում։ Ինչ վայելում ես, այն էլ հետդ ես տանում։ Թեկուզ լավ արարքներիդ համար արձան կառուցեն, քեզ համար ոչինչ չի փոխվում…»։ Խոսքերի հեղինակը Հրանտ Մաթևոսյանն է, ում 84-ամյակը լրանում է այսօր։

Մի առիթով Հրանտ Մաթևոսյանը երրորդ դեմքով, հանրագիտարանային ոճով շարադրել է իր կենսագրականը: hrantmatevossian.org կայքում այն հապարակված է նույնությամբ, պահպանելով բնօրինակի ոճը.

«ՀՐԱՆՏ ԻԳՆԱՏԻ ՄԱԹԵւՈՍՅԱՆ
Հայ գրող, արձակագիր: Նախասիրած ժանրը վիպակն է՝ նովելը: Տպագրվում է 1960 թվականից: Գրել է «Մենք ենք - մեր սարերը», «Բեռնաձիեր» (Оранжевый табун, The Orange Herd), «Խումհար» (Похмелье, Hangover), «Տաշքենդ», «Աշնան արև» (Мать едет женить сына, Autumn sun /Mother Leaves To Give To Marriage Her Son/) վիպակները, «Տերը» կինովիպակը, պատմվածքներ, պիեսներ, որոնք 1967-ից ի վեր, տարբեր հավաքածուներ դառնալով, բազմիցս հրատարակվել են հայերեն, ռուսերեն և ապա՝ միութենական հանրապետություների և սոցերկրների գրեթե բոլոր լեզուներով:

Մոսկվայի Прогресс հրատարակչությունը The Orange Herd (Նարինջ երամակը) խորագրով հավաքածու է հրատարակել ուրդու լեզվով և անգլերեն: 1994-ին փարիզյան Ալբին Միշել հրատարակչությունը տպագրել է Հր.Մ - ի ընտրանին՝ Աշնան արև:

Հր.Մ-ի սցենարներով նկարահանվել են Մենք ենք - մեր սարերը, Աշնան արև, Տերը, Այս կանաչ - կարմիր աշխարհը կինոնկարները, նրա գործերի նյութերով՝ Օգոստոս կինոնկարը, հեռուստատեսային բեմականացումներ են դարձել Հր.Մ-ի Մեծամոր էսսեն և Չեզոք գոտի պիեսը, Երևանի դրամատիկական թատրոնում բեմականացվել են Աշնան արևը և Կայարանը: Ողջ է, աշխատում է Տերը մեծածավալ գործի, Եզրով վիպակի, Մեռելալույս - Рассеянный свет - վեպի վրա: Հայաստանի գրողների միության նախագահն է 1996-ից: Ծնվել է 1935-ին Հյուսիսային Հայաստանի Ահնիձոր փոքր գյուղում՝ Ալավերդու - Թումանյանի շրջան: 52-ից Երևանում է. աշխատել է տպարաններում և թերթերի խմբագրություններում, սովորել է Երևանի մանկավարժական ինստիտուտում՝ պատմա-լեզվագրական մասնաբաժնում, 1965-66-ին Մոկվայի կինոսցենարների դասընթացներում: 1984-ին Գրականության ՍՍՀՄ պետական և Հայաստանի նույնանուն մրցանակների դափնեկիր, 1996-ին ՀՀ Մեսրոպ Մաշտոց շքանշանի ասպետ:
Ընտանիքը - կին, դուստր, որդի, առայժմ երեք աղջիկ թոռ:
2001 հունվար, Երևան, ՀՀ»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել