168.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետության՝ որպես պետության առջև ծառացած արտաքին մարտահրավերները՝ Արցախյան հարցի կարգավորում, գործընկեր պետությունների հետ հարաբերություններ, չեն զիջում ներքին լրջագույն խնդիրները՝ տնտեսական մտահոգիչ ցուցանիշներից՝ մինչև մարդու իրավունքների պաշտպանություն։ Միջակայքը կարող եք լրացնել ձեր ցանկությամբ։

Այդ խնդիրներին կարող է գումարվել նաև ցմահ ազատազրկման դատապարտված ու իրենց պատիժը 20 տարուց ավելի կրած այն անձանց խնդիրը, ովքեր սպասում էին, որ կհայտնվեն ազատության մեջ։

Բայց եղավ այն, ինչ եղավ։ Հարյուրից ավելի ներման սպասող դատապարտյալներից ընդամենը երկուսի պատժաչափը կրճատվեց 1-1.5 տարով։ Ծիծաղելի վիճակագրություն է, անշուշտ, բայց գործեց մի շատ պարզ բանաձև՝ «Կամ դուրս կգա Մհեր Ենոքյանը, նրա հետ՝ էլի շատերը կամ ոմանք, կամ դուրս չի գա Մհեր Ենոքյանը, ու նրա հետ՝ ոչ ոք»։

Այնուամենայնիվ, սորոսական պարտությունը փաստորեն կատարյալ ու անվերապահ չէր, որովհետև Մհեր Ենոքյանին ազատություն չշնորհելու գինը, փաստորեն, տասնյակ դատապարտյալների շարունակվող անազատությունն է։

Ներման գործընթացը մեկ օր չի տևում. դա ամիսների գործընթաց է։ Այդ ընթացքում ուսումնասիրվում են դատապարտյալների անձնական գործերը, նրանց՝ քրեակատարողական հիմնարկում դրսևորած վարքագիծը, դատավճիռը, բոլոր թեր և դեմ կողմերն ու առարկությունները։ Մի՞թե այդքան դատապարտյալների մեջ չկար մեկը, ով արժանի կլիներ ազատություն ստանալուն, մի՞թե վարչապետին կամ նախագահին չեն ներկայացրել նրանց պատմությունները, ինչը քիչ է հավանական, ու ոնց պտտվում ես, բախվում ես «կամ…կամ» պատին։

Մի՞թե ազատության արժանի չէր Արթուր Մկրտչյանը, ում գործը քննածներն անգամ կասկածի տակ են դնում քննության օբյեկտիվությունը, և նրան մեղսագրվող արարքի զոհերի ծնողները նույնիսկ բաց նամակ էին գրել ՀՀ 3-րդ նախագահին՝ խնդրելով ազատ արձակել վերջինիս, քանի որ նա չէ իրենց որդիների սպանության հեղինակը։

Կամ մի՞թե չէր կարելի ներել Աշոտ Մանուկյանին, ով նույնպես դրական վարքագիծ է դրսևորում, գիրք է գրել, ուր պատմում է իր կատարած հանցագործության մասին, ընդունում է իր մեղքը, կոչ անում երիտասարդ զինվորներին չկրկնել իր ճակատագրական սխալը, նույնիսկ ամենածանր պահերին կանգ առնել ու մի պահ մտածել, և ում կյանքի ամեն օրը զղջում ու ապաշխարանք է։

«Իմ գրքով ցանկացա ասել, որ վատ բան եմ արել, գիտակցում եմ, թե ինչ ապրումներ են ունեցել զոհվածների ծնողները, որոնց կուզեի, եթե ազատվեի, այցելել, և խնդրեի, որ ներեին»։

Սրանք Աշոտ Մանուկյանի խոսքերն են, որոնք նա ասել է իր գիրքը ներկայացնելիս։

Չէ՞ր կարելի ներել Ստեփան Գրիգորյանին, ով նույնպես պայքարում էր ազատության համար, բազմիցս բաց նամակներ է հղել երկրի բարձրագույն իշխանություններին, ով մարդ րի սպանել համենայն դեպս, թեպետ չի էլ ասում, որ անմեղ է։
Հիմա կարող են տեսակետներ հնչել, թե ինչպես Մհեր Ենոքյանի, այնպես էլ մնացած ցմահականների դեպքում կարող են հարազատները դեմ լինել, սակայն դա շատ թույլ փաստարկ է, և, ինչպես Աննա Իսրայելյանի «Առաջին դեմքից» հաղորդման հյուրը՝ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նշեց՝ դատապարտյալների անձնական գործերի մեջ կան նաև տուժող կողմի տեսակետն արտահայտող գրություններ առ այն, որ իրենք ներել են և դեմ չեն վերջիններիս ազատ արձակմանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել