168.am-ը գրում է.

Դեռևս 2018թ. սեպտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարգադրությամբ հաստատվել էր, որ Սիրիայի Արաբական Հանրապետության Հալեպ քաղաք կգործուղվի հայկական զորախումբ, որտեղ ներառված կլինեն ինժեներներ, ականազերծողներ, բժիշկներ և նրանց անվտանգությունն ապահվող անձնակազմ՝ ընդհանուր առմամբ 83 հոգի։ Իշխանության ներկայացուցիչների պնդմամբ, զորախմբի անդամները որևէ ռազմական գործողության չեն մասնակցելու, այլ իրականացնելու են հումանիտար աջակցություն։ Այս կապակցությամբ, որոշ մասնագետներ, այդ թվում՝ ՀՀԿ անդամ Արմեն Աշոտյանը, բազմիցս նշել է, որ զորախումբը Սիրիա է մեկնում օրենքի խախտմամբ։Չնայած այս պնդումներին, զորախումբը Սիրիա մեկնեց փետրվարի 8-ին։

Թեմայի շուրջ 168.am-ը զրուցեց Արևելագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, ԵՊՀ դոցենտ Արաքս Փաշայանի հետ:

– Տիկին Փաշայան, Ձեր կարծիքով՝ որքանո՞վ էր ճիշտ Սիրիա զորախումբ ուղարկելը։

– Սիրիայի Արաբական Հանրապետությունը Հայաստանի համար բարեկամ ու գործընկեր պետություն է, իսկ հայ-սիրիական հարաբերությունները խիստ կարևոր են երկու կողմի համար էլ։ Սիրիայի հայ համայնքը, որը գրեթե միշտ էլ ունեցել է պետության հոգածությունը, մեծ դեր է խաղացել Հայաստան-Սիրիա հարաբերությունների սերտացման հարցում։ 2011-2012 թվականների պատերազմից ի վեր Սիրիան հայտնվեց հումանիտար ծանր իրավիճակում՝ բախվելով բազմաթիվ խնդիրների։ Այս տեսանկյունից՝ Սիրիային միջազգային ցանկացած աջակցություն այդ պետության համար կենսական կարևոր նշանակություն ունի։

Բնականաբար, Հայաստանի Հանրապետության հումանիտար օգնությունը նույնպես էական է Սիրիայի համար և, որպես կանոն, դրականորեն է գնահատվել միջազգային մեկուսացման մեջ հայտնված Սիրիայի իշխանությունների կողմից։ Հատկանշական է, որ Հայաստանը վերջին տարիներին մասնակցել է նաև միջազգային խաղաղապահ առաքելությունների։ ՀՀ զինված ուժերը միջազգային առանձին կազմակերպությունների (ՆԱՏՕ, ՄԱԿ և այլն) շրջանակներում բարեհաջող կերպով խաղաղապահ առաքելություն են իրականացրել Աֆղանստանում, Լիբանանում, Իրաքում և այլուր։

– Այդ դեպքում ՀՀ առաքելությունը Սիրիայում ինչո՞ւ է քննադատվում։

– Հարցերն ի հայտ են եկել ոչ թե՝ Սիրիային օգնել-չօգնելու պատճառով, այլ՝ քանի որ ՀՀ հումանիտար առաքելությունն իրականացվել է ռուսական կողմի առաջարկությամբ՝ Սիրիայում ռուսական առաքելության շրջանակներում։ Իրականում հենց այս իրողությունն է, որ մտահոգիչ է։ Մեր երկրի ազգային անվտանգության շահերից է բխում, որ Հայաստանի Հանրապետությունն իր արտաքին քաղաքականությունը ձևավորելիս և իրականացնելիս չառաջնորդվի որևէ երրորդ պետության կամ կողմի հետաքրքրություններով՝ անկախ այն հանգամանքից, որ ՌԴ-ն ՀՀ ռազմավարական դաշնակիցն է։

Նշենք, որ 2015 թվականից ռուսական ներգրավվածությունը Սիրիայում, անկախ իր դրական կամ ոչ դրական նշանակությունից, բացասաբար է ընկալվում միջազգային առանձին շրջանակներում, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում, ինչպես նաև սիրիական որոշ սուննիական ընդդիմադիր հանրույթներում։

Բնականաբար, նման իրավիճակում Հայաստանի առաքելությունը կարող է ասոցիացվել Ռուսաստանի Դաշնության և Սիրիայում ռուսական քաղաքականության հետ՝ իր բոլոր բացասական հետևանքներով։ Չնայած առանց այդ էլ, Հայաստանը միջազգային ասպարեզում, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում, շատ դեպքերում դիտարկվում է որպես ռուսական ազդեցության գոտի։ Հուսանք, որ այս անգամ Հայաստանը զերծ կմնա վտանգներից և առաջիկայում ավելի գրագետ ձևով կվարի արտաքին քաղաքականության խրթին հարցերը։ Միևնույն ժամանակ, առիթն օգտագործելով, ուզում եմ նշել, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մերձավորարևելյան ուղղությունը վերանայման լրջագույն կարիք ունի։

– Կարո՞ղ է Հայաստանը Սիրիայում ներքաշվել ռազմական գործողությունների մեջ։

– Նախ՝ ուզում եմ նշել, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները բազմիցս նշել են, որ Հայաստանի առաքելության ներկայացուցիչները հեռու են գտնվելու պատերազմական գոտիներից և չեն ներգրավվելու ռազմական գործողություններում։ Պաշտոնական Երևանն այս մասին իրազեկել է միջազգային, այդ թվում՝ ամերիկյան և եվրոպական իր գործընկերներին։ Այս տեսանկյունից,  չեմ կարծում, որ վտանգներ կան։

– Բազմիցս կարծիքներ են հնչել, որ զորախումբը Սիրիա է ուղարկվել ՀՀ Զինված ուժերի մասին օրենքի խախտմամբ, քանի որ զորախմբի անդամներն օտար երկրում կարող են գործել միայն միջազգային պայմանագրով, որն այս պահին չկա։ Դուք օրենքի խախտում տեսնո՞ւմ եք։

– Կարծում եմ, որ իրավական առումով Հայաստանի առաքելությունը որոշակի բացթողումներ, այնուամենայնիվ, ունի։ Բանավոր պայմանավորվածության փոխարեն՝ շահեկան կլիներ հղում անել Հայաստան-Սիրիա համապատասխան պայմանագրերին (եթե այդպիսիք կան), կամ առաքելության հարցը քննարկել խորհրդարանում, և այլն։ Ամեն դեպքում առաքելությունն այլևս իրողություն է, մեր մասնագետներն արդեն Հալեպում են, և մեզ մնում է միայն բարի ծառայություն մաղթել նրանց։

– Զորախումբը որքանո՞վ օգտակար կարող է լինել տեղի հայ համայնքին։

– Նախ ուզում եմ նշել, որ առաքելությունը հասցեագրված է սիրիացի ժողովրդին։ Ինչ վերաբերում է հալեպահայ համայնքին, ուզում եմ նշել, որ նրանց համար մեծ աջակցություն է Հալեպում ունենալ Հայաստանի Հանրապետության հյուպատոսություն։ ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանի ներկայությունը կարևոր է հետպատերազմական իրավիճակում հայտնված հայ համայնքի խնդիրներին  արագ լուծում տալու տեսանկյունից։

Բացի այդ, Դամասկոսում գործում է Հայաստանի Հանրապետություն դեսպանություն։ Բնականաբար, այն նույն մտահոգությունները, որոնց մասին ես ասացի՝ կապված ռուսական կողմի հետ ասոցիացվելու և դրանից բխող վտանգների հետ, կարող են գոյություն ունենալ նաև հալեպահայ համայնքում։ Պետք է գիտակցենք, որ սիրիական հասարակությունը և սփյուռքը միասեռ չեն, այստեղ տարբեր մոտեցումներ կան՝ ստեղծված իրավիճակի և սիրիական իշխանությունների օրինակարգության հետ կապված։

Մյուս կողմից, վստահ եմ, որ մեր մասնագետների ներկայությունը Հալեպում հուսադրող է հայ համայնքի համար, որը պատերազմի պատճառով բազմաթիվ դժվարությունների է բախվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել