Armtimes.com-ը գրում է.

Շատ մարդու պոչ կարող ա տրորենք, եթե մենք օրենքով ենք աշխատում։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, որ իր գործունեությունը բազում քննադատությունների է արժանանում։ Սարգսյանը մասնակցում էր «Պետություն-համայնք համագործակցության նոր ձեւաչափ․ ենթակառուցվածքների զարգացում» թեմայով համաժողովին։

Սարգսյանն ասաց, որ եթե մարդիկ կան, որոնք իրենց օրենքից դուրս են դնում, փորձում են նախկին գործելաոճով աշխատել, իրենց էլ են անդրադառնալու։ Ըստ Սարգսյանի՝ իրենից դժգոհողները կարող են այդ մարդիկ լինել։

Արարատի մարզպետը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ այս տարի ներդրում ունեն խաղողագործության ոլորտում։ Մասնավորապես մի ներդրող մոտ 50 հեկտարի չափով հողը խաղողագործության համար պիտանի դարձնելու աշխատանքներ է ուզում սկսել Նարեկ-Քաղցրաշեն համայնքներում՝ շատ բարդ ռելիեֆային պայմաններում:

Մարզպետը հայտնեց, որ առաջիկայում՝ մինչեւ ապրիլ կլինի բիզնես-ֆորում՝ ««Իմ քայլը»՝ հանուն Արարատի», որտեղ ներկայացվելու են հնարավոր ներդրումները, ընթացիկ աշխատանքները, մարզի զարգացման հեռանկարը եւ այլն։ Սարգսյանի խոսքով՝ ներդրողներին հետաքրքրող ոլորտներն են գյուղատնտեսությունը, տուրիզմը, արդյունաբերությունը, արտահանումը, մթերքի վերամշակումը եւ առեւտուրը:

Արարատի մարզում, Սարգսյանի խոսքով, մոտավոր հաշվարկով մինչեւ 30 տոկոս չմշակվող, էրոզիայի ենթարկված, աղակալած հողեր կան, որոնց վրա հիմնականում ջերմոցային տնտեսություններն են լավ զարգանում: Ըստ Սարգսյանի՝ այս ցուցանիշը բավական բարձր է։ Մարզպետն ասաց, որ այս խնդրի հիմնական պատճառն արտագաղթն է եղել, այսինքն՝ մարդիկ ունեցել են վարելահողեր, այգիներ, որոնք չեն մշակել երկրից գնալու պատճառով:

Գարիկ Սարգսյանը նշեց, որ եթե երկրում արդարությունը վերականգնվի, մարդիկ էլ չեն արտագաղթի․ «Եթե օրենքը գործի, մարդիկ արդարության պակաս չունենան, չեն գնա, իհարկե, եթե նաեւ աշխատատեղերի պակաս չլինի: Մեր ամենօրյա աշխատանքը միտված է ոչ միայն արտագաղթը կասեցնելուն, այլեւ հայրենադարձության անիվը պտտելուն»,-նշեց նա։

Ինչ վերաբերում է ենթակառուցվածքների անբարեկարգ վիճակին եւ մաշված ներտնտեսային ցանցին՝ Գարիկ Սարգսյանն ասաց, որ կան համայնքներ, որտեղ ներտնտեսային ցանցը գրեթե բացակայում է, իսկ եթե ոռոգման ջուրը հասանելի լինի բոլոր համայնքներում, շատ ավելին կլինեն մշակելի հողատարածքները:

Լրագրողների հետ զրույցում Արարատի մարզպետն ասաց, որ այս տարի դիմելու են սուբվենցիաների համար, եւ եթե անհրաժեշտ միջոցներ ստանան, դրանք օգտագործվելու են հիմնականում ասֆալտապատման, ջրագծերի, ոռոգման, խմելու ջրերի հարցի լուծման, մանկապարտեզների ու դպրոցների, տանիքների վերանորոգման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել