Սոչիում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի գլխավոր մենամարտում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անվան գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում, Punch Boxing պրոմոութերական ընկերությունը ներկայացնող Վահե Սարուխանյանը մրցել է Ռուսաստանի ուժեղագույն բռնցքամարտիկներից մեկի՝ Պավել Մալիկովի հետ:

Մարտն անցել է Վահեի բացահայտ առավելությամբ, սակայն մրցավարների միավորներով գրանցվել է ոչ-ոքի արդյունք, իսկ լրացուցիչ մրցավարը հաղթանակը շնորհել է ռուս բռնցքամարտիկին:

Հաղթողի անունը հայտարարելուց հետո ռինգում խառնաշփոթ է սկսվել: Punch Boxing պրոմոութերական ընկերության հիմնադիր, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Արամ Դավթյանը հենց ռինգում հանդես է եկել հայտարարությամբ.

«Ամեն ինչ տեղի ունեցավ այնպես, ինչպես սովորոբար լինում է Ռուսաստանում: Վահեն մաքուր հաղթանակ տոնեց, ես դա պատրաստ եմ ապացուցել: Սա Վահեի հաղթանակն է, մնացածը մեզ չի հետաքրքրում: Ամոթ մրցավարներին»,- ասել է Դավթյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել