Որքան էլ առաջին հայացքից զարմանալի թվա, սակայն ոչ վաղ անցյալում այսօր Իրանի մայրաքաղաք Թեհրանը հիմնականում պարսկերեն չի խոսել։ Այժմ հսկայական մեգապոլիսի տարածքում, որպես կանոն, տարածված են եղել երկու՝ մազանդարանական և ռաժիկական (Ռեյ պատմական քաղաքին և հարակից շրջաններին բնորոշ) տիպի իրանական բարբառներ, իսկ պարսկերենը այստեղ է ներմուծվել որպես պրեստիժային լեզու:

Սակայն ինչպես հին աստվածները, այնպես էլ հին լեզուները չեն մեռնում, և Թեհրանի պարսկերեն բարբառում, որը նաև վերածվել է նույնիսկ հեռուստատեսությամբ և համալսարաններում հնչող համաիրանական խոսակցական ստանդարտի, հստակորեն նշմարելի են մասնավորապես մազանդարաներենի ենթաշերտային տարրերը։

Ասենք, օրինակ՝ ի հակադրություն գրական պարսկերենի برای [barā-ye] «համար» նախադրության, Թեհրանի բարբառում գործածական է واسه [vāse(-ye)] ձևը որը զանազան հնչյունական տարբերակներով այժմ էլ բնորոշ է մազանդարաներենի բարբառներին և ամենայն հավանականությամբ, նույնական՝ նաև հին հայերենում շատ գործածական «վասն» իրանական ծագման «համար, պատճառով» նշանակությամբ նախդրի հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել