Սովորաբար մենք բնավորությյան գծերը բաժանում ենք լավի և վատի։ Օրինակ՝ բարի և խելոք լինելը լավ է, իսկ ծույլ և վատատես լինելը՝ վատ։ Սակայն դա այդքան էլ միանշանակ չէ։

Ահա բնավորության որոշ գծեր, որոնք հաճախ բացասական են համարվում, սակայն իրականում նրանք կարող են լավը լինել։

Թափթփվածություն

Հաճախ թափթփվածությունը հավասարեցվում է մահացու մեղքերի հետ, ոմանք էլ այն բնութագրում են ցածր արդյունավետությամբ, սակայն այս ամեն ուղղակի միֆ է։

Իրականում թափթփված սեղան և սենյակ ունեցող մարդիկ ավելի շատ են հակված ստեղծագործելու, քան շատ մաքրասերներ։ Անկարգությունը կարող է ոգեշնչել։ Իհարկե, ամեն ինչ պետք է լինի չափի մեջ։ Պետք չէ հատակին նետել բանանի կեղևը, հակառակ դեպքում դուք կարող եք ընկնել հատակին։

Էգո

Մեծ էգո ունենալ նշանակում է ինչ-որ մեկին նայել բարձրունքից, սակայն այն արտահայտվում է նաև այլ ձևերով։ Ինչպես բոլորս գիտենք, մեծամտությունը վատ է. մեծամիտ մարդիկ հաճախ նվաստեցնում են ուրիշներին, որպեսզի իրենք բարձրանան։ Մյուս կողմից՝ ինքնավստահությունն այդքան էլ վատ երևույթ չէ։ Այն կարող է օգտակար լինել կյանքում առաջ գնալու, ինչպես նաև սեփական տեղը գտնելու համար։ Այնպես որ, պետք չէ վախենալ այս որակից։ Գնահատեք ձեզ, սիրեք, սակայն երբեք մեծամիտ մի դարձեք։

Ամոթխածություն

Շատերը ամոթխածությունը համարում են բնավորության թուլություն։ Իհարկե, չափից դուրս ամոթխածությունը կարող է հանգեցնել նրան, որ դուք բաց թողնեք հարմար պահը, սակայն այս որակն ունի նաև իր դրական կողմերը. ամաչկոտ մարդիկ ավելի ուշադիր են, քան շփվող մարդիկ։ Հաճախ ամաչկոտ և անվստահ մարդիկ լինում են լավ լսողներ։ Ամոթխածության հաղթահարումը կարող է օգնել ձեզ, որ ավելի լավ զգաք, սակայն պետք չէ մոռանալ դրա դրական կողմերի մասին։

Ցինիզմ

Կա տարբերություն առողջ ցինիկ լինելու և դաժան ցինիկ լինելու միջև։ Իրականում շատ մարդիկ կարող են քննադատաբար մոտենալ իրենց շրջապատող աշխարհին։ Երևույթների հանդեպ էմոցիոնալ կախվածության թուլացումը կարող է ձեզ ավելի ռացիոնալ դարձնել, իսկ կյանքի հանդեպ կասկածամիտ վերաբերմունքը կարող է օգնել ձեզ խուսափել կեղծիքից և այլ տհաճություններից։ Քանի դեռ ձեր ցինիզմը չի հասել աբսուրդի աստիճանի, ամեն ինչ լավ է։ Ցինիզմի փոքր չափաբաժինները կարող են շատ օգտակար լինել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել