Tert.am-ը գրում է.

Գյումրիում 2000-ից ավելի տնակներ և մարդկանց հազարավոր պատմություններ կան: Յուրաքանչյուր պատմությունը կարիք ունի դասակարգվելու, և դրան պետք է հաջորդեն արդեն թիրախային լուծումները: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանը: Նրա տեղեկացմամբ՝ աշխատանքային խումբ է ստեղծվել, որը դեպք առ դեպք ուսումնասիրում է. «Այսօր պետք է շատ հստակ փորձենք հասկանալ, թե ինչի հետ գործ ունենք, և հետո նոր պետք է խոսել ժամանակի մասին, որովհետև տնակային ավանների խնդրի լուծման թե՛ ժամանակը, թե՛ հենց լուծումները կախված կլինեն խնդրի խորությունից»,- նշեց նա: Մարզպետի խոսքով՝ աղքատության խնդիրը Շիրակում նաև տնակներից դուրս է. «Ցավոք, մենք այսօր քարաշեն կառույցներում ապրող մարդկանց կյանքի որակի բարելավման խնդիր էլ ունենք»։ Ինչ վերաբերում է հեղափոխությունից հետո մարզում տեղի ունեցած դրական փոփոխություններին, Տիգրան Պետրոսյանը նշեց, որ փոքրիկ ցուցիչներ կան մարզի մակարդակով, բայց ամենակարևորը մարդկանց տրամադրվածության, էմոցիոնալ ֆոնի փոփոխությունն է:

- Ամենաշատ խնդիրներով մարզերից մեկի մարզպետ եք նշանակվել։ Մոտ 42% աղքատություն կա մարզում, արտագնա աշխատանքի ամենից շատ մեկնում են Շիրակից: Ինչպե՞ս եք պատրաստվում այս խնդիրների ուղղությամբ աշխատել, ի՞նչ քայլեր եք նախատեսում իրականացնել:

- Հենց արտագաղթը, աղքատությունը և անօթևանությունը այն խնդիրներն են, որոնք այսօր Շիրակի մարզի զարգացման ճանապարհին ամենամեծ բարդություններն են։ Այդ տեսանկյունից, վարչապետի հետ հանդիպման ժամանակ շատ հստակ հանձնարարական կար հատկապես ուշադրության կենտրոնում պահել այն բոլոր նախաձեռնությունները, ներդրումային մոտեցումները և աշխատատեղերի ստեղծումը, որոնք մարզերում են, և մեր պարագայում՝ Շիրակի մարզում:

Պետք է առավելագույնս հնարավորություն ստեղծենք տեղի, դրսի ներդրողների համար, որպեսզի Շիրակում ունենանք դրական փոփոխություններ:

- Արդեն կա՞ն հստակ նախագծեր:

- Հանդիպումների մեջ ենք հիմա: Մի քանի մոտեցումներ կան հատկապես աղքատության, անօթևանության հարցերի հետ կապված: Հավանաբար տեղյակ եք, որ դեկտեմբերի 7-ին վարչապետի հանձնարարականով աշխատանքային խումբ է ստեղծվել, որին հանձնարարվել է հստակ քարտեզագրել անօթևանության ծավալները, նաև այդ կարգավիճակում հայտնված մարդկանց դեպքերի հետ կապված ուսումնասիրություն կատարել, ունենալ ամբողջական պատկեր՝ խնդիրն ամբողջական հասկանալու համար։ Դրանից հետո պետությունը և այլ մարմինները պետք է տան համապատասխան լուծումներ։ Մենք հիմա, իհարկե, լուծումների մասին մի քանի մակարդակում քննարկում ենք։ Աղքատության հաղթահարման ճանապարհը աշխատատեղերի ստեղծումն է, նոր ներդրումների խրախուսումն է դեպի Շիրակի մարզ։ Աղքատության հաղթահարման հետ կապված նաև կառավարության ծրագրում գործիքակազմը ներկայացված է:

- Հստակություն կա՞, թե երբ, քանի տարվա ընթացքում տնակային ավանների խնդիրն ամբողջությամբ կլուծվի:

- Շատ կարևոր հարց է, բայց դրա համար առաջնահերթ պետք է հասկանալ ծավալը, այն մարդկանց պատմությունները, ովքեր այսօր տնակներում են ապրում։ Իրականում խնդիրը վերաբերում է նաև այն մարդկանց, ովքեր տնակներից դուրս են ապրում։ Ցավոք, մենք այսօր քարաշեն կառույցներում ապրող մարդկանց կյանքի որակի բարելավման խնդիր էլ ունենք։ Այսինքն՝ անօթևանություն ասելով տնակային գործոնն ենք նայում, բայց ծայրահեղ աղքատության պարագայում լուծումները, խնդիրները միայն անօթևանության մեջ չեն։ Այսօր պետք է շատ հստակ փորձենք հասկանալ, թե ինչի հետ գործ ունենք, և հետո նոր խոսել ժամանակի մասին, որովհետև այս պարագայում թե՛ ժամանակը, թե՛ լուծումները կախված կլինեն խնդրի խորությունից, ծավալից:

- Տնակային ավանների խնդիրը 30 տարիների ընթացքում ավելի է բարդացել: Օրինակ, մարդիկ կան, ովքեր տներ ստացել են, բայց շարունակում են տնակային ավաններում ապրել: Կամ 30 տարվա ընթացքում ընտանիքները մեծացել են, օրինակ, 1988 թ.-ին բնակարանը կորցրել է 1 ընտանիք, բայց երեխաները ընտանիքներ են կազմել և դարձել են 2, 3 ընտանիքներ։ Նման դեպքերում ինչպե՞ս պետք է լուծվի խնդիրը:

- Հենց դրա մասին էի խոսում, երբ ասում էի, որ աշխատանքային խումբը դեպք առ դեպք ուսումնասիրում է։ Մենք այժմ իրավիճակը կոմպոնենտ առ կոմպոնենտ հասկանալու խնդիր ունենք։ Եվ երբ հասկացանք՝ ինչի հետ գործ ունենք, կհասկանանք մոտեցումները։ Հազարավոր պատմություններ կան և 2000-ից ավելի տնակներ։ Իմ կարծիքով՝ ամեն պատմությունը կարիք ունի դասակարգվելու և ամեն մոտեցման համար գալիս է թիրախային գործողություններ իրականացնելը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել