Yerkir.am-ը գրում է.

Բասրայի հայկական համայնքի ատենապետ Խաժակ Վարդանյանի Yerkir.am-ին տրամադրած տեղեկությունների համաձայն, ոչ պաշտոնական տվյալներով, այսօր Իրաքում ապրող հայերի թիվը հասնում է 5000-6000-ի: Իրաքահայերն հիմնականում ապրում են մայրաքաղաք Բաղդադում և Բասրայում, ինչպես նաև կենտրոնացած են երկրի Մոսուլ, Քիրքուք,  Զախո, Հավրեզք և այլ բնակավայրերում: 60-70 ոչ հայախոս հայեր էլ բնակվում են երկու գյուղում, ընդ որում` այժմ նրանց ջանքերով կիրակնօրյա դպրոցներ են բացվել աճող սերնդի համար, որ իրենց երեխաները կարողանան սովորել մայրենի հայոց լեզուն: Բաղդադում կան ազգային կառույցներ, օրինակ` Երիտասարդաց, Տիկնանց և Բարեգործական միությունները, ՀՄԸՄ-ը  և այլն:

Բասրայում 221 հայ կա: Նախկինում այստեղ եղել են հայկական երկու եկեղեցի, որոնցից որևէ հետք անգամ չի մնացել: Ներկայումս գործում է հայկական «Սուրբ Աստվածածին» եկեղեցին` հիմնված 1736թ.: Կառույցի հերթական վերանորոգումների շարքում առանձնահատուկ էր վերջերս արվածը, երբ եկեղեցին բարեկարգվեց, իսկ տարածքը երեք անգամ ավելացավ: Այժմ հենց այդտեղ են տեղի ունենում համայնքային հավաքներն ու միջոցառումները: Խաժակ Վարդանյանը նշում է, թե Բասրայում մասնավորապես ակտիվ է «Դպրաց դաս»-ն իր երգչախմբով, որը տոնական օրերին համերգներով է հանդես գալիս:

Հայեցի դիմագիծը կոնկրետ Բասրայում պահելու առումով ամենամեծ խնդիրը այդ քաղաքի հայկական համայնքի ատենապետը համարում է այն, որ դատարկ է մնացել ազգային վարժարանի շենքն իր բոլոր հարմարություններով, քանի որ հայ երեխաների թվաքանակը չի բավարարում դասարաններ ձևավորելու համար: Ընդամենը կա ինը աշակերտ: Եկեղեցին և ազգային մյուս մարմինները աճող սերնդի հայեցի կրթությանն ու դաստիարակության գործը փորձում են հնարավորինս կարգավորել: «Պայմանավորվածություն ենք ձեռք բերել լավագույն դպրոցներից մեկի հետ, որ մեր երեխաներն այնտեղ սովորեն: Բասրայի հայությունն է վճարելու նրանց ուսման վարձը»,- ասում է Խաժակ Վարդանյանը: Նա նաև ավելացնում է, որ հայերենի ուսուցման բացը լրացնելու նպատակով իրենց քաղաքում գործում է հայկական կիրակնօրյա դպրոց. «Դասերն անցկացվում են ազգային վարժարանի շենքում: Երեխաներն այնտեղ սովորում են հայոց լեզու և հայ գրականություն, մեր ժողովրդի և եկեղեցու պատմություն, ազգային երգ ու պար, որ իրենք միշտ հիշեն հայ լինելու մասին: Ինչպես մենք ենք օտար երկրում պահել մեր ազգային ինքնությունը, այդպես էլ նրանք պետք է շարունակեն հայ մնալ»:

Ըստ Խաժակ Վարդանյանի` ընդհանրապես իրաքահայ համայնքի առջև ծառացած հիմնահարցերից է այն, որ երկրի սոցիալ-տնտեսական և պարբերաբար ծավալվող պատերազմական խնդիրների պատճառով երիտասարդների արտահոսք կա, որոնք, իբրև լավագույն կրթություն ստացած և մասնագիտություն ձեռք բերած անձինք, կարողանում են այլ պետություններում ևս իրենց տեղը գտնել: Իրաքահայերից շատերն են տեղափոխվել ավելի ապահով վայրեր: Բասրայի հայկական համայնքի ատենապետ Խաժակ Վարդանյանը կարծում է, որ իրաքահայությունը, չնայած բազմաթիվ դժվարություններին, կարողանում է համախմբված մնալ ազգային հաստատությունների շուրջ. «Մենք պետք է հայ մնանք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել