Operativ.am-ը գրում է.

Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում անցկացվել է Վենեսուելայի հարցով կոնտակտային խմբի առաջին նիստը, որը կազմակերպել էին Ուրուգվայն ու Մեքսիկան։ Նիստի ավարտից անմիջապես հետո ԱՄՆ-ը դեմ է հանդես եկել կոնտակտային խմբին։

Վենեսուելայում տիրող իրաիճակի հարցերով Վաշինգտոնի հատուկ ներկայացուցիչ Էլիոթ Աբրամսը պահանջել է, որպեսզի երկրները գործ ունենան միայն ընդդիմադիր Խուան Գուաիդոյի հետ՝ որպես ժամանակավոր նախագահի։

«Մադուրոյի հետ երկխոսության ժամանակը վաղուց անցել է»,-ասել է Աբրամսը։

Հատուկ ներկայացուցիչը նշել է, որ Մադուրոն կձգձգի բանակցությունները և մանիպուլյացիաների կդիմի։

«Մի՛ ընկեք ծուղակը, որը նա նախկինում բազմիցս պատրաստել է, երբ խոսքը եղել է կեղծ երկխոսության մասին»,-ասել է Աբրամսը՝ նշելով, որ փոխարենը պետք է հստակ ազդանշան ուղարկել, որ Մադուրոն պետք է հեռանա։

Դիվանագետը կարծիք է հայտնել, որ իշխանափոխությունից հետո Մադուրոն կարող է գնալ Կուբա կամ Ռուսաստան։

«Կան նաև այլ երկրներ, որոնք մեզ ասել են, որ պատրաստ են ընդունել ներկայիս անօրինական ռեժիմի ներկայացուցիչներին»,-ասել է ամերիկացի դիվանագետը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել