Կանանց թիվը, որոնց մոտ կրծքագեղձի իմպլանտների հետ կապված քաղցկեղի հազվադեպ հանդիպող տեսակ է ախտորոշված, ավելացել է: Համապատասխան հայտարարությունը տարածվել է ԱՄՆ սննդամթերքի և դեղորայքի որակի սանիտարական վերահսկողության վարչության (FDA) կողմից:

ԱՄՆ-ում անապլաստիկ խոշոր բջջային լիմֆոմա (BIA-ALCL) ախտորոշված կանանց թիվը նախկինում գրանցված 414 դեպքի համեմատ ավելացել է՝ հասնելով 457-ի: Այս ախտորոշմամբ տասը կանայք արդեն մահացել են: Առաջին անգամ քաղցկեղի այս տեսակի մասին հայտնել է FDA-ն 2011-ին:

«Մենք հուսով ենք, որ այս տեղեկատվությունը մատակարարներին և պացիենտներին կստիպի հավասարակշռված զրույց ունենալ կրծքի իմպլանտների և BIA-ALCL-ի վտանգի մասին»,- ասել է FDA-ից բժիշկ Բինիտա Աշարը:

Վարչությունը պարզաբանել է, որ քաղցկեղի այս տեսակն ավելի հաճախ է հանդիպում կոպիտ արտաքին շերտով իմպլանտներ կրող կանանց մոտ: Որպես կանոն, քաղցկեղն ախտորոշվել է իմպլանտի կողքին՝ այն շրջապատող սպիացած հյուսվածքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել